Home / Տեսանյութեր / «Ինչո՞ւ եք պաշտպանում ռեցիդիվիստին»․ դիտորդները մտահոգված են մեղադրյալի առողջությամբ

«Ինչո՞ւ եք պաշտպանում ռեցիդիվիստին»․ դիտորդները մտահոգված են մեղադրյալի առողջությամբ

Մոտ 4 տարի կալանքի տակ գտնվող մեղադրյալ Հրաչյա Գևորգյանը երեկ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխվել է Հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժամունք երկկողմանի թոքաբորբի և սուր շնչառական անբավարարության պատճառով: Այս մասին տեղեկացնում է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպանական կազմակերպության կայքը:

Այսօր Հելսինկյան ասոցիացիայի դիտորդեր Արման Վեզիրյանը և Էդուարդ Դանիելյանը ամբաստանյալի վիճակի մասին տեղեկանալու նպատակով այցելել են հիվանդանոց: «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ՝ Արա Ղազարյանն ասել է, որ երեկ առավոտյան Հրաչյա Գևորգյանի վիճակը վատացել է և հիվանդին միացրել են արհեստական շնչառության սարքին։

Հիվանդանոցում դիտորդները հանդիպել են Գևորգյանի մորը, ում խոսքով բժիշկները վատ կանխատեսումներ են տվել:

«Թե' ամբաստանյալի ծանր վիճակը, թե' բժիշկների կանխատեսումները ու նրանց վերաբերմունքը մտահոգության տեղիք են տալիս, քանի որ հիվադանոցում բուժանձնակազմի որոշ աշխատակիցներ դիտորդներին հարցրել են՝ «ինչու եք պաշտպանում ռեցիդիվիստին», և միայն դիտորդների պատասխանից հետո, թե, առաջին հերթին, նա մարդ է, վերջիններս արձագանքել են, որ իրենց համար էլ, առաջին հերթին, հիվանդ է»,- փոխանցում է «Հելսինկյան ասոցիացիայի» կայքը:

Գևորգյանը ունի բազմաթիվ առողջական խնդիրներ: Փետրվարի 16-ին նշանակված դատական նիստին վերջինիս առողջական վիճակը կտրուկ վատացել է, նիստը՝ հետաձգվել:

«Այսինքն ՔԿՀ-ն տեղյակ է եղել, որ կալանավորը հիվանդ է, սակայն որևէ միջոց չի ձեռնարկել պատշաճ բուժում իրականացնելու համար», – գրում են իրավապաշտպանները:

Գևորգյանը մեղադրվում է իր հետ քաղաքացիական ամուսնության մեջ գտնվող Նաիրա Հարությունյանին և վերջինիս անչափահաս որդուն պատանդ վերցնելու, պատանդներին ազատելու պայմանով կնոջ հորից գումար պահանջելու մեջ: Նա մեղադրանքը չի ընդունում, վերջին 2 տարվա ընթացքում բազմիցս հայտարարել է, որ իրեն սպառնացել է Մաշտոցի ՆԳ բաժանմունքի քրեական հետախուզության բաժնի նախկին պետ Արթուր Գևորգյանը, սակայն ՀՔԾ-ի համար դա բավարար հիմք չի դարձել քրեական գործ հարուցելու համար։

Ըստ մեղադրյալի՝ Արթուր Գևորգյանն իր հետ մի քանի անգամ հանդիպում է պահանջել, մեկ անգամ էլ հանդիպել է՝ ՔԿՀ֊ի աշխատակիցներին ներկայանալով որպես մեղադրյալի բարեկամ։ Համաձայն Հրաչյա Գևորգյանի, հանդիպման ժամանակ ոստիկանն ասել է, որ թույլ չի տա, որպեսզի մեղադրյալը բանտից դուրս գա, կպահի այնքան մինչև նա մահանա:

Ավելի վաղ Epress.am մի քանի անգամ անդրադարձել է Հրաչյա Գևորգյանի դատավարությանը։