Home / Տեսանյութեր / ԵՊՀ֊ն չի հետաձգել «Նաիրիտի» աշխատակիցների երեխաների ուսման վարձի վճարման ժամկետը

ԵՊՀ֊ն չի հետաձգել «Նաիրիտի» աշխատակիցների երեխաների ուսման վարձի վճարման ժամկետը

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցներին տրված խոստումը, թե նրանց ուսանող երեխաների ուսման վարձի մարումը կհետաձգվի 4 ամսով, չի կատարվում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի կողմից։

Այսօր նախագահական նստավայրի դիմաց «Նաիրիտի» աշխատակիցների բողոքի ակցիայի ժամանակ «Նաիրիտի» նախկին մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանն ասել է, որ իրենց աշխատակիցներից երեքի երեխաները համալսարանի ղեկավարության կողմից գրություն են ստացել այն մասին, որ ուսման վարձը պետք է վճարեն հիմա, այլապես դուրս կմնան համալսարանից։

Ուսման վարձերի ժամանակավոր հետաձգում նաիրիտցիների 9 կետանոց պահանջից միակն է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացել էր կատարել։ Գործարանի արհմիության նախագահը Կառավարություն էր ներկայացրել նաիրիտցիների երեխաների անուններն ու համալսարանների ցանկը։ Մինչ այժմ Կառավարության միջնորդությունը չի կատարվել միայն ԵՊՀ֊ի կողմից։

Հիշեցնենք, որ գործարանի աշխատակիցների 9 պահանջների թվում են՝ «Նաիրիտ»֊ի ազատված աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների՝ բանկերից վերցված վարկերի վճարների սառեցում՝ մինչև աշխատավարձի պարտքի ամբողջական մարումը (18-24 ամսվա պարտք), գործարանի ազատված աշխատակիցների երեխաների ուսման վարձերի վճարման հետաձգումը, աշխատակիցների կոմունալ ծախսերի վճարումների հետաձգումը, հիվանդության դեպքում «Նաիրիտ»֊ի նախկին և ներկա աշխատակիցների անհրաժեշտ վիրահատությունների պետպատվերով ապահովումը, թոշակառու աշխատակիցների թոշակների վերահաշվարկը՝ վերջին 2 տարիների կտրվածքով։

Tekali Taxi