Home / ԼԳԲՏ+ / ԼԳԲՏԻ անձանց համար Հայաստանն ամենաանբարենպաստ երկրներից է Եվրոպայում․ զեկույց

ԼԳԲՏԻ անձանց համար Հայաստանն ամենաանբարենպաստ երկրներից է Եվրոպայում․ զեկույց

Հայաստանում ԼԳԲՏԻ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր, ինտերսեքս) մարդկանց նկատմամբ թշնամանքն ու խտրականությունը շարունակում է լայն տարածում ունենալ: Ատելության քարոզն ու բռնությունները դեռևս համատարած բնույթ են կրում, մինչդեռ ոստիկանությունն ու դատարանները ավելի շատ են անախորժություններ ստեղծում տուժած և ազատազրկված ԼԳԲՏԻ մարդկանց համար։ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին Հայաստանի հայտարարությունը հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դրսևորումների հանդեպ մտահոգության առիթ է դարձել։ Ինչպես հաղորդում է «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ֊ի կայքը, այս մասին ասված է «ԻԼԳԱ-Եվրոպա» կազմակերպության մայիսի 10-ին հրապարակված «Ծիածան Եվրոպա» տարեկան զեկույցում։

Եվրոպական 49-ը երկրների մեջ ԼԳԲՏԻ անձանց համար որպես բարենպաստ երկիր Հայաստանը զբաղեցնում է 47-րդ տեղը: Այսպիսի բացասական պայմանների պատճառով ԼԳԲՏԻ անձինք լքում են երկիրը, նշում են զեկույցի հեղինակները՝ հղում անելով տեղական ՀԿ-ներին:

Հայաստանին զիջում են միայն Ռուսաստանն ու Ադրբեջանը` զբաղեցնելով 48֊րդ և 49-րդ տեղերը համապատասխանաբար: Տարածաշրջանում առաջատարը Վրաստանն է, որը զբաղեցնում է 22-րդ տեղը, իսկ Թուրքիան գտնվում է 44-րդ հորիզոնականում:

ԼԳԲՏԻ հարցերով զբաղվող «ԻԼԳԱ-Եվրոպան» ուսումնասիրում է նաև ԼԳԲՏԻ անձանց առնչվող այն օրենքները, որոնք վերաբերում են խտրականությանը, ընտանիքի ճանաչմանը, ատելության կոչերին ու ատելության հիմքով հանցագործություններին, գենդերային ինքնության ընդունմանը, հավաքների, միավորումների և արտահայտման ազատությանը, ինչպես նաև ապաստանի տրամադրմանը: Այս առումով Հայաստանի օրենսդրությունը ԼԳԲՏԻ անձնանց իրավունքների 9%-ն է ապահովում:

Թեև երկրներից ոչ մեկը չի հասել 100%-անոց մակարդակին, սակայն ԼԳԲՏԻ անձանց համար կատարյալ իրավիճակ ստեղծելուն մոտ է Մեծ Բրիտանիան, որտեղ օրենսդրությունը 86%-ով ապահովում է նրանց իրավունքները, նշում է «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ֊ի կայքը:

Tekali Taxi