Home / Տեսանյութեր / ՌԴ սահմանապահներն ապօրինի են ստուգումներ անցկացնում «Զվարթնոց» օդանավակայանում

ՌԴ սահմանապահներն ապօրինի են ստուգումներ անցկացնում «Զվարթնոց» օդանավակայանում

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը և Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը համատեղ խախտում են հայ-ռուսական միջպետական պայմանագրերն ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը: Այս մասին ասված է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ֊ի տարածած հայտարարության մեջ։ ՀԿ֊ն ընդգծում է, որ ռուսաստանցի սահմանապահներն իրավունք չունեն մեկնող և ժամանող քաղաքացիների ստուգումներ անցկացնել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։

ԱԱԾ-ից կազմակերպության հարցմանն ի պատասխան նշել են, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ՌԴ ԱԴԾ սահմանապահները ծառայություն են իրականացնում ՀՀ և ՌԴ միջև 1992 թվականի սեպտեմբերի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի ու նրանց կենսագործունեության պայմանների մասին» պայմանագրով, մինչդեռ, ՀԿ֊ի պդնմամբ, այդ պայմանագրում չկա այնպիսի մի դրույթ, որը Ռուսաստանի Դաշնության սահմանապահներին իրավունք կտար որևէ ծառայություն իրականացնել Հայաստանի որևէ օդանավակայանում:

Փոխարենը, պայմանագրի 3-րդ հոդվածում հստակ ամրագրված է․ «Թուրքիայի և Իրանի հետ սահմանի պահպանության հետ չկապված այլ խնդիրների կատարմանը (բացառությամբ տարերային աղետների, վթարների և այլ աղետների վերացման աշխատանքների) Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերը չեն ներգրավվում»:

«Անգամ ավելին: Նույն պայմանագրի 6-րդ հոդվածն ասում է «Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերը սահմանն անցնելու կանոնակարգերը սահմանող օրենսդրական գործող ակտերին համապատասխան մարդկանց, փոխադրամիջոցների, բեռների, ապրանքների և այլ իրերի բացթողումը իրականացնում են Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի Հանրապետության սահմանի վրա գտնվող անցումային կետերով»: Ուշադրություն դարձրեք, որ խոսքը գնում է բացառապես Թուրքիայի և Իրանի սահմանների անցակետերի մասին և որևէ խոսք չկա օդակայաններում գործող անցակետերի մասին:

Այս մոտեցումը խիստ մտահոգիչ է, քանի որ խոսքը գնում է Հայաստանի ազգային անվտանգության մարմինների, Հայաստանի սահմանի վերահսկման գործառույթները ապօրինի կերպով մեկ այլ պետությանը հանձնելու մասին, ինչը հանդիսանում է պետական ինքնուրույնության որոշակի զիջում», ֊ հայտարարում է «Իրազեկ Քաղաքացիների Միավորումը»։

Tekali Taxi