Home / Հայաստան / Ղեկավարում են տղամարդիկ․ գենդերային կարծրատիպերը հեռուստաընկերություններում

Ղեկավարում են տղամարդիկ․ գենդերային կարծրատիպերը հեռուստաընկերություններում

Հայաստանյան 3 հեռուստաընկերություններում (Հ1, Արմենիա Թի֊վի, Շանթ) ներկայացված անձանց 86% տղամարդիկ են, ինչը չի համապատասխանում կանանց մասնաբաժնին Հայաստանի բնակչության կազմում: Որպես արտոնյալ խոսնակներ, նյուսմեյքերներ ԶԼՄ-ներում հիմնականում հանդես են գալիս տղամարդիկ` 6֊ը 1-ին հարաբերակցությամբ: Փորձագիտական հանրության ներկայացման դեպքում գենդերային ճեղքվածքը հասնում է 8:1֊ի: Այս ցուցանիշները ներկայացնում է հետազատող Լիլիթ Շաքարյանը «Հայ կնոջ կերպարը ԶԼՄ-ում (հեռուստատեսությունում). գենդերային զգայունությունից գենդերային կարծրատիպեր» աշխատությունում։ Դա մեկն է ԵՊՀ Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի (ԳՀԱԿ) նախաձեռնած շուրջ 30 հետազոտություններից, որոնք ներկայացվել են երեկ և այսօր անցկացված գիտաժողովի ժամանակ։

Լիլիթ Շաքարյանը դիտարկել է Հ1, «Արմենիա», «Շանթ» հեռուստատեսությունների ընդհանուր առմամբ 108 լրատվական, ժամանցային և կանանց նվիրված հաղորդաշար երեք ամիսների ընթացքում:

Շաքարյանը նշում է, որ կանայք կազմում են հեռուստատեսային գրողների, տնօրենների, պրոդյուսերների միայն 5%ը: «Սա ծիծաղելի է, քանի որ լրագրություն մասնագիտության ավարտողների երկու երրորդը կանայք են, մինչդեռ նրանց թիվը 2%-ից ցածր է կորպորատիվ կառավարման բաժնում»,֊ ասված է հետազոտության մեջ։

Հեռուստահաղորդումների բովանդակային ուսումնասիրությունը ցույց է տվել հետևյալը․ «Կանայք դիտվում են կանանց սազական համարվող ատրիբուտների պրիզմայով, ըստ որի՝ նրանք դրական են, եթե «կանացի» են, և բացասական են, եթե շեղվում են կանացիության միջին «իդեալից», այսինքն՝ դառնում են «տղամարդացած» (սա կնոջ՝ «կանացի դեմքը» կորցրած տիպն է), կամ «լաչառ» (ճղճղան) (սա կնոջ՝ «չափազա՛նց կանացի դեմքը» շեշտող տիպն է)»,֊ եզրակացնում է հետազոտողը։

Շաքարյանն առանձնացրել է հաղորդումների ժամանակ հնչած մի շարք մեջբերումներ, որոնք, նրա գնահատմամբ, հիմնականում վերարտադրում և վերահաստատում են հայրիշխանական համակարգի մոդելը և կրում են սեքսիստական բնույթ: Մասնավորապես․

«Աղջիկը ֆուտբոլ չի կարող խաղալ»․ Առաջին լրատվական, Հ1

«Ավելի լավ է կանայք չլինեն (երկրի ղեկավար): Կինը նրա համար է, որ ընտանիքը ղեկավարի, ուրախություն, գեղեցկություն պարգևի: Որպեսզի կինը կառավարի, պետք չէ, որ նախագահ լինի, իր ընտանիքն արդեն կառավարում է: Կնոջ երջանկության բանաձևը՝ լավ ընտանիք, լավ ամուսին, երեխաներ՝ առողջ ու հաջողակ»․ «Նանե» հեռուստահանդես, Արմենիա Թի֊վի

«Կինը չի կարող կարատեի մասին գիրք գրել, ավելի լավ է սալաթ սարքի»․ «Վիտամին ակումբ», Շանթ

«Տանն ունենք կորպորատիվ մշակույթ և քննարկելով ամուսնուս հետ որոշել ենք, որ չեմ երգելու միջոցառումներում»․ «Նանե» հեռուստահանդես, Արմենիա Թի֊վի

«Կանայք չեն կարող հավասարվել տղամարդկանց, կանանց գերակա խնդիրն է երեխա ունենալը»․ «Տնփեսա», Արմենիա Թի֊վի

«Եթե կինը երեխա ունի, ուրեմն ամուսնացած է»․ «Նանե» հեռուստահանդես, Արմենիա Թի֊վի

«Աղջիկն ով է, որ որոշի, պիտի թոռ ունենամ»․ «Տնփեսա», Արմենիա Թի֊վի

«Տատիկներն ավելի մեծ օգուտ են տալիս հասարակությանը, քան պապիկները՝ երեխա են խնամում»․ «Առավոտը Շանթում», Շանթ

Tekali Taxi