Home / Հայաստան / Զինվորի մահվան մասին ծնողները տեղեկացել են լուրերից. ինքնասպանության վարկածին չեն հավատում

Զինվորի մահվան մասին ծնողները տեղեկացել են լուրերից. ինքնասպանության վարկածին չեն հավատում

Մայիսի 8-ին հրազենային վնասվածք ստացած և մահացած 20-ամյա զինծառայող  Հարություն Համբարյանի ընտանիքի անդամները նրա մահվան մասին տեղեկացել են «Արմենիա» հեռուստաընկերությամբ ժ. 20:00-ին թողարկվող «Ժամը» լրատվական հաղորդման ընթացքում ներկայացվող տեղեկատվական վազող տողից: Այս մասին իրենց տուն այցելած Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակի իրավապաշտպաններին հայտնել է Հարությունի հայրը` Հրայր Համբարյանը։ Իրավաշապտանները  զոհվածի տուն այցելել են երեկ՝ մայիսի 12-ին։

Ինչպես հաղորդում է կազմակերպության կայքը ըստ հոր՝ դեպքի օրն իրենց ընտանիքի բոլոր անդամները վաղ առավոտից տանը չեն եղել  (գնացել են հողամաս կարտոֆիլ ցանելու): Տուն վերադարձել են միայն երեկոյան ժամը 19:00-ի սահմաններում:  Հեռուստաթողարկման ժամանակ Հարությունի ազգանվան մեջ առկա է եղել տառասխալ՝ Համբարյանի փոխարեն գրված է եղել Ղամբարյան, ինչը փոքր-ինչ թեթևացրել է ընտանիքի անդամների լարվածությունը: Սակայն մոտ 10 րոպե անց  հեռախոսազանգով զինկոմիսարիատի աշխատակիցը Հարությունի հորը տեղեկացրել է, որ տղան «վիրավորում է ստացել և որ նրան տեղափոխում են Երևան»:

Հարությունի հարազատները ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցներին հայտնել են, որ  իբր թե Մարտակերտում խոսակցություն է եղել, որ մահվան պատճառն անորոշ է: Իսկ հաջորդ օրն արդեն ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ինքնասպանության հասցնելու հոդվածով: Հարությունի հոր խոսքերով՝ դիահերձման ժամանակ ներկա են գտնվել նաև իր  հարազատներից և ընկերներից:  «Հարությունի հրազենային վիրավորումը եղել է ճակատային հատվածում՝  վերևի մասից», – ասել է քույրը: Հարությունն ունեցել է կարճատեսութուն և կրել է օպտիկական ակնոց:  Հարությունի մարմինն ընկած է եղել բերանքսիվայր և ակնոցը  մանր փշրված է եղել:

Ըստ Հարությունի քրոջ՝  Հասմիկ Համբարյանի, նա միշտ գոհ է եղել իր ծառայությունից և ծառայության վայրից, քանի որ այն մարտական հենակետը, որտեղ նա ծառայել է, բավական հեռու է եղել առաջին գծից: Հարությունը նաև հայտնել է, որ ՀՕՊ (հակաօդային պաշտպանության) ուժերում ծառայությունը համեմատաբար ավելի հեշտ է անցնում: Դեպքի նախորդ օրը՝ մայիսի 7-ին, Հարությունը խոսել է քրոջ հետ հեռախոսով, նրա տրամադրությունը շատ բարձր է եղել: Նա Հասմիկից հետաքրքրվել է, թե ինչպես են ծնողները, և, իմանալով, որ նրանք այժմ զբաղված են գարնանացանի աշխատանքներով, ասել է՝ «Մի քիչ մնաց, թող դիմանան, գամ՝ մյուս անգամ ես եմ անելու այդ գործը»:

Զինծառայողի քույրը նաև հայտնել է, որ զորակոչվելու հենց առաջին օրը Հարությունի ջերմությունը բարձրացել է՝ հասնելով 40 աստիճանի՝ մինչ զորակոչվելը կատարված պատվաստման պատճառով: Զորամասում նա անցկացրել է մեկ օր, որից հետո նրան տեղափոխել են Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, որտեղ նա անցկացրել է մոտ 10 օր: Հասմիկը, որը մասնագիտությամբ բժիշկ է (էնդոկրինոլոգ, շտապօգնության բժիշկ), նշել է, որ եղբոր մոտ սկսվել է բրոնխիտ, թոքերը բորբոքվել են, նշիկներն՝ այտուցվել: Միևնույն ժամանակ Հասմիկն ասել է, որ հետագայում Հարությունը լիովին ապաքինվել է և նույնիսկ ավելի կոփվել:

Հարազներն ասել են, որ ինքնասպանության վարկածին չեն հավատում։

Հարություն Համբարյանը սովորում էր Հայաստանի Ագրարային Համալսարանի Հողաշինարարության և հողային կադաստրի ֆակուլտետում: Զորակոչվել էր զինծառայության 2014 թ. հունվարի 13-ին: Նրա ծառայության ավարտին մնացել էր 8 ամիս:

Tekali Taxi