Home / Տեսանյութեր / Ինչու և ինչպես են Հայաստանում ընտանիքներն ազատվում ապագա աղջիկներից

Ինչու և ինչպես են Հայաստանում ընտանիքներն ազատվում ապագա աղջիկներից

Հայաստանում սելեկտիվ աբորտները հիմնականում իրականացվում են «ազգի շարունակություն» պատճառաբանմամբ։ Նման եզրահանգում է անում «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները (ՍՊՀԱԸ) որպես ընտանիքում գենդերային խտրականության արտահայտում» հետազոտության հեղինակ Աննա Ոսկանյանը։ Հետազոտությունն իրականացվել է թե կանանց, թե տղամարդկանց շրջանում Երևանում, Վանաձորում, Լոռու մարզի գյուղերում (Մարգահովիտ, Դարպաս, Արջուտ)։

Հարցման մասնակիցների մասին տվյալներ

1

Ըստ հարցվողների՝ տղա երեխային նախապատվություն տալը, առաջին հերթին, կապված է ազգանվան փոխանցման հետ, քանի որ երեխան կրում է հոր ազգանումը և «պատկանում է հայրական տոհմին»: Միևնույն ժամանակ, միջնակարգ կրթությամբ հարցվողների մեծ մասը համարում էր, որ ազգանունը պարտադիր փոխանցվում է հոր կողմից բոլոր այն դեպքերում, երբ հայրությունը ճանաչված է։ Ըստ նրանց՝ մոր ազգանունն են կրում միայն ամուսնությունից դուրս ծնված երեխաները, և դա «…ամոթ բան է մի տեսակ…»:

Հաջորդ, նույնքան կարևոր պատճառ է համարվում այն, որ տղան ծնողների ապագա կերակրողն է, այսինքն ծնողների համար որդու առկայությունը «քչից շատից» տնտեսապես ապահովված լինելու, խնամք և աջակցություն ստանալու հիմնական գրավականն է: Ըստ հարցվողների մեծամասնության` որքանով էլ դուստրը ցանկանա օգնել ծնողներին, միևնույն է նա տնտեսապես կախված է ամուսնու որոշումներից և միջոցներից, իսկ ամուսինը, իհարկե, կնախընտրի աջակցել սեփական ծնողներին, քան կնոջ հարազատներին:

Բարձրագույն կրթությամբ քաղաքաբնակ կանայք նշել են նաև, որ այսօր ավելի հաճախ կարող են տեսնել կանանց, որոնք անկախ են և ունեն «սեփական, ամուսնուց անկախ եկամուտ», սակայն այդպիսի կանանց թիվը քիչ է և, այսօրվա գործազրկության պայմաններում մեծամասնությունը դեռևս կախված է ամուսիններից:

Պատճառաբանումների հաջորդ խումբը հետազոտողը կապում է հայաստանյան հասարակությունում տղամարդու կերպարի, հեղինակության և ինքնագնահատականի կայացման հետ: Թե կանանց, թե տղամարդկանց խմբերում բազմիցս հնչել է այն միտքը, որ տղամարդու տղամարդ լինելը որոշվում է նաև նրանով, ունի նա որդի, թե ոչ: Ըստ հարցվողների՝ հասարակության մեջ գերիշխում է «լավ տղան տղա պիտի ունենա» համոզմունքը, որը անմիջականորեն կապում է տղամարդու կայացվածությունը և դրական կերպարը որդու ծննդի հետ: Հետազոտության հեղինակը ներկայացրել է արտահայտությունները, որոնք հնչեցվել են հարցվողների կողմից.

«Առանց տղա ընտանիքը թերի է»:

«Տխրել էի, որ առաջնեկս աղջիկ է, նույնիսկ հինգ ամիս մոտ չեմ գնացել, չեմ գրկել»:

«Ընկերներիս առաջ ինձ վատ էի զգում, որ դեռ որդի չունեմ»։

«Տղան ունենում են որպես հիշատակ»։

«Տղան ծնողի հպարտությունն է»։

«Աղջիկը ծնողի վրա լացողն է, իսկ տղան`պահողը»։

Գյուղական վայրերում հնչել է նաև այն պատճառաբանությունը, որ տղան անհրաժեշտ է ընտանիքում որպես աշխատուժ, առանց որի ընտանիքը չի կարողանա տնտեսություն վարել և կատարել գյուղատնտեսական աշխատանքներ:

Մեկ այլ պատճառաբանումը կապված է արտագնա աշխատանքների հետ: Միջնակարգ կրթությամբ տղամարդկանցից կազմված խմբերում մի քանի անգամ նշվել է, որ արտագնա աշխատանքի պատճառով ընտանիքից դուրս գտնվող ընտանիքի հայրը ձգտում է տղա ունենալ, որ վերջինս «տունը, տեղը նայի, տան տղամարդ մնա, տունը տեր ունենա»:

Հիմնականում, ըստ հարցվողների, ՍՊՀԱԸ-ները իրականացվում են երկրորդ կամ երրորդ աղջիկ երեխայի հնարավոր ծննդի դեպքում, սակայն կան նաև առանձին դեպքեր, երբ դա վերաբերում է առաջնեկի ծննդին:

Հարցումների ընթացքում նաև պարզվել է, որ հարցվողների ՍՊՀԱԸ-ները հաճախ իրականացվում են ոչ թե բուժհաստատություններում, այլ դեղորայքի և այսպես կոչված «տնական, ժողովրդական» միջոցներով, ընդ որում՝ տղամարդիկ հիմնականում տեղյակ չեն եղել այդ միջոցներին, իսկ կանայք ներկայացրել են 11 տարբեր միջոց` սկսած վիժում առաջացնող հորմոնալ դեղորայքից մինչև օտար մարմինների տեղադրումը ներքին սեռական օրգաններում` օրինակ ժանգոտ մետաղի կտորների: Միևնույն ժամանակ, տղամարդիկ ներկայացրել են ֆիզիկական ազդեցության այնպիսի միջոցներ, ինչպիսիք են հարվածը հղի կնոջ փորին, նրա մեջքին քայլելը և այլն:  

Tekali Taxi