Home / Հայաստան / ՀԷՑ֊ի հիմնավորումներից պարզ է դառնում՝ էլէներգիայի ներկայիս գինն էլ բարձր է․ «Ժողովուրդ»

ՀԷՑ֊ի հիմնավորումներից պարզ է դառնում՝ էլէներգիայի ներկայիս գինն էլ բարձր է․ «Ժողովուրդ»

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացրած էլէներգիայի սակագնի բարձրացման վերջին հայտին կից նյութերն ուսումնասիրելիս կարելի է կարծել, որ այս ընկերության ղեկավարությունը բոլորովին այլ իրականությունում է ապրում․ այդ նյութերի մեծ մասը ոչ թե հիմնավորում է սակագնի բարձրացման անհրաժեշտությունը, այլ հակառակը՝ հիմնավորում, որ ներկայիս սակագինն էլ չափազանցված է, գրում է «Ժողովուրդ» թերթը։

Մասնավորապես, թերթը նշում է, որ սակագնի հաշվարկի մեջ ներառված են նաև առաջիկա տարում իրականացվելիք վերանորոգման և շինարարության ծախսերը։ Այդ նպատակով ՀԷՑ֊ն առաջիկա տարում՝ 2015֊ի հուլիսի 1֊ից 2016֊ի հունիսն ընկած ժամանակահատվածում, նախատեսում է ծախսել 8 միլիարդ 4 մլն դրամ։ Ընդ որում, վերանորոգման և շինարարության համար գնվելիք ապրանքների գները ներկայացված են շուկայականից անհամեմատ բարձր։ Օրինակ, ցեմենտի գինը նախատեսվում է տոննան 57 հազար դրամ։ Սա այն դեպքում, երբ անգամ անհատները մանրածախ ցեմենտը վաճառում են տոննան 56 հազար դրամով, իսկ մեծածախ արժի 45֊ից 47 հազար դրամ։

«Պողպատյա մետաղալարի գինը ներկայացված է տոննան 560 հազար դրամ, ինչը ևս շուկայաանից մոտ 100 հազարով ավել է, լուծիչի («ռաստվարիտել») գինը ներկայացված է 850 դրամ։ Ասենք, «Գնունու» շինանյութի շուկայում հենց այդ գինն է, բայց ՀԷՑ հարյուրավոր լիտրեր է գնելու, և նույնիսկ շուկայի առևտրականները նման ծավալների դեպքում հաստատ ավելի էժան գին կառաջարկեն»,֊ գրում է «Ժողովուրդը»։

Հոդվածագիրը նշում է, որ ՀԷՑ֊ի ներկայացրած փաստաթղթերի հետ կապված կա ևս մեկ խնդիր, ինչը ոչ միայն փաստում է, որ ներկայացված տվյալներն արժանահավատ չեն, այլ նաև բնորոշում է, թե այդ ընկերությունն ինչպես է վերաբերվում ՀՀ օրենսդրությանը։ Բանն այն է, որ կից նյութերում ներկայացված են ՀԷՑ֊ի կողմից պատվիրված ուսումնասիրություններ, ինչպես նաև՝ մասնագիտական գրականություն։

«Նկատենք, որ բոլոր փաստաթղթերը ռուսերեն են՝ առանց հայերեն թարգմանության։ Մինչդեռ ՀՀ օրենսդրությունը պահանջում է, որ փաստաթղթերը ներկայացվեն պատշաճ թարգմանությամբ։ Այսինքն՝ ՀԷՑ֊ը բացահայտ արհամարհում է ՀՀ օրենսդրությունը»,֊ եզրակացնում է «Ժողովուրդը»։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում

Tekali Taxi