Home / Հայաստան / «Ստամբուլի հայկական որբանոցի խնդիրը՝ իշխանությունների խայտառակությունն է»

«Ստամբուլի հայկական որբանոցի խնդիրը՝ իշխանությունների խայտառակությունն է»

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Թուրքիան իր ղեկավարների պատճառով կանգնել է ևս մեկ խայտառակության առջև, Today's Zaman պարբերականի կայքում գրում է թուրք սոցիոլոգ Դողու Էրգիլը։

«Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող հայկական «Արմեն ճամբարի»՝ մայիսի 6֊ին տեղի ունեցած ապամոնտաժումը ևս մեկ անգամ հիշեցրել է, թե ինչպես են Թուրքիայի հայերը մեծապես տուժել ոչ մահմեդականների դեմ պարբերական խտրականությունից։ «Արմեն ճամբար» որբանոցը, որը կառուցվել է Գեդիքփաշա հայկական բողոքական եկեղեցու հիմնադրամի կողմից 1963 թվականին, հզոր խորհրդանշական իմաստ ունի։ Երբ Անատոլիան 1915֊ից հետո զրկվեց բոլոր հայկական դպրոցներից, որբացած ու չքավոր հայ երեխաները, որոնք հասել էին Ստամբուլ, բնակվեցին ու կրթվեցին «Ստամբուլի երիտասարդության տուն» կոչվող ճամբարում։

Շուրջ 1500 երեխաների երբեմնի տունը՝ «Արմեն ճամբարը», կառավարության կողմից բռնագրավվեց 1980 թվականին ու թողնվեց քայքայված վիճակում։ Այժմ այն ապամոնտաժվում է, որպեսզի դրա տեղում կառուցվի նոր շքեղ բնակելի համալիր։ Հայերը, այդ թվում՝ որբանոցի նախկին սաները, իրենց թուրք ընկերների հետ միասին բողոքի ալիք են բարձրացրել։

Փոքրամասնությունների ունեցվածքի զավթումը, այդ թվում՝ Թուզլայում գտնվող ճամբարը, ոչ մահմեդական գույքի/հարստության շարունակական փոխանցումն է մահմեդականներին․ քաղաքականություն, որն Օսմանյան իշխանություններից փոխանցվել է հանրապետականներին։ 1936֊ին կառավարության պահանջով ընդունվեց օրենք, որը հնարավոր դարձրեց փոքրամասնությունների գույքի և ունեցվածքի զավթումը։ Այս օրենքն օգտագործելով՝ կառավարությունն առգրավեց այդ թվից ի վեր ձեռք բերված ողջ սեփականությունը։ Ոչ մահմեդական համայնքների մահացած ներկայացուցիչների՝ իրենց եկեղեցիներին, ժողովարաններին կամ բարեգործական կազմակերպություններին օժտած ունեցվածքն անցավ պետությանն ու հետագայում վաճառվեց երրորդ կողմին։ Սա մարդու և սեփականության իրավունքի կոպտագույն խախտում էր։ Այնուամենայնիվ, վարչակազմն ու դատական մարմինը համատեղ ուժերով նման անարդարություն գործեցին։

1971, 1974 և, վերջապես, 1975 թվականներին Գերագույն վերաքննիչ դատարանը երեք վճիռ կայացրեց։ Այն հրամանագրեց, որ փոքրամասնությունների կրոնական հիմնադրամների ձեռք բերած սեփականություններն իրավական հիմք չունեին ու պետք է վերադարձվեին ազգային գանձապետարանին։ 1980 թվականի պետական հեղաշրջման խեղդող մթնոլորտում որբանոցի հիմնադիրն ու ղեկավարը՝ հոգևորական Հրանտ Գյուզելյանը, մեղադրվեց ռազմատենչ հայեր դաստիարակելու մեջ ու խոշտանգումների արդյունքում ընդունեց իր ենթադրյալ հանցանքը։ Ապարդյուն իրավական պայքարից հետո, հիմնադրամը կորցրեց որբանոցի տարածքը, որն այդ օրվանից ի վեր արդեն մի քանի անգամ վաճառվել է։

Այս ամսվա սկզբին որբանոցի մասնակի ոչնչացման ընթացքում Թուրքիայի մի խումբ հայեր, այդ թվում՝ «Արմեն ճամբարում» մեծացած «Ստամբուլի երիտասարդության տան» նախկին սաներ, շտապեցին դեպքի վայր ու ներկայումս օր ու գիշեր հսկում են այն։ Միաժամանակ, մի շարք հայկական կազմակերպություններ դիմում են կառավարությանը՝ պահանջելով դադարեցնել ճամբարի ապամոնտաժումն ու տարածքը վերադարձնել իր օրինական տիրոջը։ Ներկայիս սեփականատերը պատրաստ է այն վերադարձնել եկեղեցուն՝ տարածքի շուկայական գինը ստանալու դիմաց։ Այդ գումարը ներկայիս, ապօրինի սեփականատիրոջը վճարելը կառավարության բարոյական ու նյութական պարտքն է։

Եթե այս սխալը չուղղվի, ինչպես ողջախոհությունն է թելադրում, ոչ միայն Թուրքիայում մնացած փոքր թվով հայերը կվիրավորվեն, այլև հայերն այլուր կհամոզվեն ու միջազգային հանրության կարծիքը կպահպանվի, որ Թուրքիայում առկա է պարբերական խտրականություն ու վատ վերաբերմունք հայերի դեմ։ Այն ժամանակ, երբ Թուրքիային պարտադրում են ճանաչել հարյուր տարի առաջ հայերին բաժին ընկած ճակատագիրը, նախկին մեղադրանքներն ամրապնդելու նոր օրինակը թե սխալ է, թե՝ անմիտ։ Կառավարությունը, որը պնդում է՝ «նեո֊օսմանյան» է, ոսկե հնարավորություն ունի շտկելու կայսերական ժամանակների հանցագործությունները, որոնք որակում է որպես արդար ու բարյացակամ»։  

Tekali Taxi