Home / Հայաստան / Նախարարը գիտի ՀէՑ֊ի կորուստների պատճառը, բայց չի հրապարակում

Նախարարը գիտի ՀէՑ֊ի կորուստների պատճառը, բայց չի հրապարակում

Ռուսատսանյան «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությանը պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր»֊ում (ՀԷՑ) 5 ամիս շարունակ ուսումնասիրվել են կորուստները և դրանց պատճառները պարզվել են։ Այս մասին այսօր ԱԺ֊ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։ Նա սակայն, չի բացել փակագծեր՝ չնշելով, թե որոնք են եղել այդ պատճառները։ Զախարյանը միայն ասել է, որ կորուստները իրոք մեծ են և տեղիք են տալիս մտածելու կոռուպցիոն ռիսկերի մասին։ Նշենք, որ ՀԷՑ֊ը 250 միլիոն դոլար պարտք է կուտակել։

«5 ամիս ուսումնասիրություններ են արվել։ Պարզել ենք պատճառներ, մշակվել է կորուստները նվազեցնելու միջոցառումների ծրագիր, այն ուղարկվել է ՀԷՑ, Կառավարությունը։ Միջոցառումները մշակվել են ՀԷՑ֊ի մասնագետների մասնակցությամբ և ընդունվել են կատարման», ֊ ասել է Զախարյանը՝ կրկին չնշելով, թե ինչ միջոցառումներ են իրականացվել։

Նախարարը վստահեցրել է, որ առաջիկա 2 տարվա ընթացքում ՀԷՑ֊ի կորուստները 1-2 տոկոսով կնվազեն։

ՀԷՑ֊ի հարցը բարձրացրած պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն ասել է, որ եթե ուսումնասիրության արդյունքները կան, արժի դրանք ուղարկել Դատախազություն։

«Չուղարկե՞նք նյութերը Դատախազություն։ Ես պատրաստ եմ աջակցել ձեզ այդ հարցում, տրամադրել նյութեր», ֊ ասել է պատգամավորը։

Զախարյանը պատասխանել է, թե պատրաստ է գործին ընթացք տալ։

Նշենք, որ ՀԷՑ֊ը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ 1կվ էլեկտրաէներգիան 18 դրամով բարձրացնելու խնդրանքով։ Հանձնաժողովը սկսել է հայտի ուսումնասիրման գործընթացը։ Համաձայն «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ուսումնասիրությունների, որոնց մասին Ազգային ժողովում խոսել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման նպատակը ՀԷՑ֊ի կողմից կուտակած 250 միլիոն դոլար պարտքի մարումն է։

Tekali Taxi