Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները պնդում են, որ նախագահականից ստել են լրատվամիջոցին՝ ասելով, թե երկրի նախագահի հանձնարարությամբ որդեկորույս մայրերին ընդունել է զինվորական դատախազը։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել են 2010 թվականին զոհված Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը և 2007֊ին զոհված Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը:
Հարցումը ՀՀ նախագահի աշխատակազմ է ուղարկել «Ազատություն» ռադիոկայանը: Ստացված պատասխանում ասված է, որ ծնողներին հանդիպել է ՀՀ զինվորական դատախազը (Արտավազդ Հարությունյան-խմբ.), ինչպես նաև՝ որդեկորույս մայրերին ընդունել են ՀՀ նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայությունում:
Հիշեցնենք, որ զոհվածների ծնողները նախագահի հետ հանդիպում էին պահանջել 2014 թվականի նոյեմբերի 27-ին. մինչ օրս Սերժ Սարգսյանը նրանց չի ընդունել և չի ներկայացրել հանդիպման մերժում կամ դրա հիմնավորումներ:
«Ոնց որ իմ որդու սպանության գործն են կեղծում սուտ հայտարարություններով, այնպես էլ՝ մեր ընդունելությունը: Եթե մենք հանդիպել ենք զինդատախազին, թող ցույց տան մեր՝ զինդատախազություն մտնելուց մատյանում արված ստորագրությունները: Որ մտնում ենք, ստորագրում ենք, չէ՞: Նման բան չի եղել», – ասել է Ղազարյանը:
Նրանց պնդմամբ՝ վերջին անգամ իրենց հանդիպել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը անցյալ տարվա մարտի 6-ին, իսկ նախագահի հետ հանդիպման պահանջով ակցիաների մեկնարկից հետո ծնողներին ոչ մեկ չի ընդունել։ Ծնողները շարունակում են պնդել, որ ցանկանում են հանդիպել Սերժ Սարգսյանի հետ, մինչդեռ նախագահականի գրության մեջ այդ պահանջի վերաբերյալ ոչինչ չի ասված։
Այսօր սևազգեստ մայրերը նախագահականում հանդիպել են ՀՀ նախագահի նստավայրի քաղաքացիների ընդունելության և նամակների բաժնի պետ Աիդա Ասատրյանի հետ՝ պահանջելով բացատրություն տալ ՀՀ նախագահի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Մերի Հարությունյանի անունից «Ազատությանը» հասցեագրված գրության վերաբերյալ։
Հանդիպումից հետո Գոհար Սարգսյանը Epress.am-ին ասել է, որ Ասատրյանը հրաժարվել է բացատրություն տալ այլ պաշտոնյայի գրության համար և իրենց Հարությունյանի հեռախոսահամարն է տրամադրել:
«Սա էլ են համարում հանդիպում: Այն, որ մենք խոսեցինք Աիդա Ասատրյանի հետ: Մենք պահանջել ենք հանդիպում Սերժ Սարգսյանի հետ»,- հայտարարել է Գոհար Սարգսյանը:
Ծնողների խոսքով՝ Մերի Հարությունյանից իրենք այդպես էլ բացատրություն չեն ստացել։ Մինչև աշխատանքային օրվա ավարտը Սարգսյանը մի քանի անգամ զանգել է իրեն տրամադրված հեռախոսահամարով, սակայն պատասխանող չի եղել: