Home / Տեսանյութեր / Հյուսիսային պողոտայի բնակիչները համաձայն չեն ընկերության սահմանած գնի հետ

Հյուսիսային պողոտայի բնակիչները համաձայն չեն ընկերության սահմանած գնի հետ

Հյուսիսային պողոտայում կառուցապատում իրականացնող «Լոքալ դեվելոփըրզ» ընկերությունը Տերյան 25 շենքում բնակվող Ֆլորա Ուդումյանից և Հեղինե Ուդումյանից պահանջում է դուրս գալ իրենց բնակարաններից՝ պատճառաբանելով, թե տվյալ շենքի տարածքը ՀՀ կառավարության կողմից գերակա շահի գոտի է ճանաչվել։ Ընկերությունը, որը պատկանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մերձավոր գործարար Սամվել Մայրապետյանին, ցանկանում է, որպեսզի դատարանը ԴԱՀԿ֊ի միջոցով պարտավորեցնի բնակիչներին լքել իրեն տները։ Ուդումյաններն, իրենց հերթին, դատարանին միջնորդել են անվավեր համարել իրենց բնակարանների գնահատման արձանագրությունը և հակընդդեմ հայց են ներկայացրել՝ պահանջելով վերացնել իրենց սեփականության նկատմամբ ոտնձգությունները:

Նշենք, որ ընկերությունը Տերյան 25-ի բնակիչներին հարակից տարածքում գտնվող շենքերից մեկում բնակարաններ է առաջարկում, սակայն վերջիններս պնդում են, թե այնտեղ շենքային պայմանները նույնքան լավը չեն, որքան իրենց շենքում։ Որպես այլընտրանք կառուցապատողը նշում է, որ օրենքով սահմանված գումար է առաջարկում՝ շուկայական գնին գումարած 10 տոկոս: Բնակիչները, իրենց հերթին, պնդում են, թե ընկերությունն իրենց առաջարկում է շուկայականից 2.5 անգամ ցածր գին։

Բնակիչների բողոքի ակցիաների մասնակից, Տերյան 23 հասցեում բնակվող Վարդան Գերավետյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ խնդիրը միայն բնակարանների համար շուկայականից ցածր գին սահմանելը չէ, այլ գնահատման արձանագրության մեջ թույլ տրված խախտումները, տարեթվերի ու ստորագրությունների անճշտությունը:

Թեև ընկերության ներկայացուցիչը երկու օր առաջ առարկություններ էր ներկայացրել բնակիչների հայցի վերաբերյալ, դատարանը վերցրել է Ուդումյանների միջնորդությունը և այն քննարկելու է վճիռ հրապարակելուց առաջ:

«Այս գործով վճիռը հրապարակվելու է հունիսի 4-ին: Սա կարևոր է լինելու, քանի որ նման մոտ 20 գործեր կան բնակիչների դեմ տարբեր դատավորների վարույթներում: Դատավորի որոշումը և մեր ռեակցիան կարող են լինել նախադեպային»,-ասել է Գերավետյանը:

Հիշեցնենք, որ իրենց բնակարանները պահպանելու համար պայքարում են Տերյան 23, 25, Լալայանց 37 հասցեների ավելի քան 25 բնակարանատերեր: Ավելի վաղ նրանք նամակներ էին ստացել այն մասին, որ իրենց բնակարանները չեն կարող վաճառել ոչ մեկին, բացի «Լոքալ Դեվելոփըրզ» ընկերությունից: խնդրո առարկա շենքերը Հյուսիսային պողոտայի վերջին հին կառույցներից են։ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք տվյալ տարածքը ճանաչվել է հանրային գերակա շահ, և այդ հատվածում բնակվող շենքերի և տների բնակիչների մեծ մասը բռնի կերպով տեղահանվել է։ Նրանք հրաժարվում էին լքել իրենց տները՝ դժգոհելով փոխհատուցման չափից, որը մի քանի անգամ ավելի ցածր է եղել, քան Երևանի կենտրոնում տարածքների գինն էր։ Այնուամենայնիվ, Հյուսիսային պողոտայի ներկայիս տարածքի գրեթե բոլոր հին շենքերը քանդվել են, իսկ բնակիչները տեղահանվել են։

Tekali Taxi