Home / Տեսանյութեր / Արարատի մարզում բերքը կրկին վնասվել է․ գյուղացիները կարկտակայան են ուզում

Արարատի մարզում բերքը կրկին վնասվել է․ գյուղացիները կարկտակայան են ուզում

Մայիսի 23-ին Արարատի մարզի Վարդաշեն, Նարեկ, Քաղցրաշեն համայնքներում տեղացած կարկուտից հետո այդ գյուղերում վերսկսվել են հակակարկտային կայաններ կառուցելու անհրաժեշտության մասին խոսակցությունները: Գյուղեր այցելած Epress.am-ի թղթակցի հետ զրույցում գյուղացիներն ասել են, որ իրենց մոտ կարկուտը բերքը վնասում է գրեթե ամեն տարի: Այժմ համայնքների բնակիչները նույնիսկ քննարկում են գումար հավաքելու և կարկտակայան ձեռք բերելու հարցը։

«Իբր մեր գյուղերի համար կարկտակայան կառուցեցին, բայց Յուվայի մոտ՝ 7 կիլոմետր հեռու, տռասի բերանին, ընտեղ ծառ էլ չկա, որ կարկուտը վնասի։ Որ կրակում են էլ, մեզ ոչ միայն օգուտ չի լինում, այլև վնաս է լինում: Ամպերը գալիս կուտակվում են մեր գյուղի վրա»,-ասել է Նարեկի բնակիչներից մեկը:

Մայիսի 23-ի կարկուտից ամենաշատը տուժել է Նարեկ գյուղը: Այստեղ ծիրանի, գիլասի, խնձորի, սերկևիլի բերքի մոտ 50 տոկոսը վնասվել է: Գյուղացիների գնահատմամբ՝ Վարդաշենում և Քաղցրաշենում վնասը մոտ 40 տոկոս է կազմում, սակայն այս համայնքներում կան այգիներ, որտեղ բերքը չի վնասվել:

Epress.am֊ի թղթակիցն այցելել է Վարդաշենի գյուղապետ Գևորգ Բարխոյանի հողամաս: Նրա խնձորենիներն ու ծիրանենիներն այս տարի առատ բերք էին տվել։ Բարխոյանի խոսքով՝ մշակման և պարարտացման համար ինքը մոտ 1000 դոլար ծախս է արել, սակայն կարկուտից հետո սպասվելիք 10 տոննա բերքից հազիվ 2 տոննան հնարավոր կլինի վաճառել: Կարկուտի հետևանքով հասցված վնասվածքները պտուղների վրա մեծ չէին, սակայն դա բերքն անմրցունակ է դարձնում:

2karkut

«Ֆուռը գալիս է, քաղում է միայն լավ անվնաս բերքը, երեք օր հավաքում են, մի երեք օր պետք է ճանապարհ գնա մինչև Մոսկվա հասնի: Եթե վնասված ծիրան տան, ճանապարհին կնեխացնի ամբողջ ֆուռը»,- ասել է Բարխոյանը:

1karkut

Կարկուտը տեղացել է մոտ 10 րոպե, հատիկները գիլասի չափի են եղել։

«Մենք գիտեինք, որ կարկուտ է գալու: Եղանակի տեսությունն ասել էր: Նստել սպասում էինք, որ բերքը պետք է ավիրվի», – ասել է Բարխոյանը՝ ևս նշելով, որ կարկտակայան ունենալու դեպքում հնարավոր կլիներ կրակել:

Գյուղացիներն ասում էին, որ իրենք այնքան են տխրել ու հիասթափվել, որ նույնիսկ մնացած բերքը որոշել են չքաղել ու չհանձնել մթերման:

Երեկ գյուղ էին այցելել նաև պաշտոնյաներ՝ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը և Արարատի փոխմարզպետ Աշոտ Վարդանյանը: Գալստյանը հենց Քաղցրաշենից է: Գյուղացիների խոսքով՝ նա իրենց «դուխ է տվե» ասելով՝ «լավ ա, վնասը մոտ 2-3 տոկոս է»:

Պաշտոնյաների նման կարծիքը գյուղացիներին հուշում է, որ փոխհատուցման հարց բարձրացնելն անիմաստ է:

4karkut

Հ.Գ. Մինչ Քաղցրաշենի բնակիչները կարկտակայան են ուզում ստանալ, գյուղապետը գյուղի կենտրոնում եկեղեցի է կառուցում: 

ekegheci

Tekali Taxi