Գլխավոր / Տեսանյութեր / Ում նկատմամբ է Հայկ Կյուրեղյանն «իր գերակայությունն ի ցույց դրել» Շանթի դատի օրը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ում նկատմամբ է Հայկ Կյուրեղյանն «իր գերակայությունն ի ցույց դրել» Շանթի դատի օրը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանի և նրա ընկերների համախոհ, ծրագրավորող Հայկ Կյուրեղյանն այսօր մասնակցել է իր գործով դատական նիստին, չնայած ավելի վաղ դատավոր Արմեն Բեկթաշյանը նրան 10 դատական ժամով հեռացրել էր դահլիճից՝ դատարանին չհարգելու համար (Կյուրեղյանը ոտքի չէր կանգնել)։ Դատավորն ասել է, որ, ամբաստանյալին հրավիրելով նրա ցուցմունքի հրապարակմանը, ընդառաջում է վերջինիս։

2014 թվականի հունիսի 12-ին՝ Շանթ Հարությունյանի և նրա ընկերների գործով դատավարության առաջին օրը, Կյուրեղյանն օդամղիչ ատրճանակից կրակել էր դատարանի մոտ հավաքված ոստիկանների ուղղությամբ՝ պահանջելով ազատ արձակել մեղադրյալներին։ Թեև դեպքը տեղի է ունեցել բողոքի ակցիայի ժամանակ՝ մոտ 100 ականատեսների առջև, որպես վկա են ընտրվել միայն ներկա ոստիկանները: Վկաների հարցաքննությունն անցել է առանց պաշտպանական կողմի՝ հարցեր տալու հնարավորության, քանի որ Կյուրեղյանը ներկա չի եղել նիստերին, իսկ վերջինիս տրամադրված հանրային պաշտպան Անժելա Հոբոսյանը հրաժարվել է նիստերին հարցերով հանդես գալ՝ ասելով․ «Լիազորված չեմ»:

Այսօր Կյուրեղյանին դատարնում դիմավորել են ծափահարություններով: Ինչպես նախկինում, նա խոսել է նստած։ Դատավորի հարցին՝ հասկանալի՞ է արդյոք մեղադրանքը և արդյո՞ք ամբաստանյալն ասելիք ունի՝ Կյուրեղյանը պատասխանել է, թե չի հասկանում իր մեղադրականի հետևյալ մասը. «Կյուրեղյանն իր գերակայությունն է ի ցույց դրել»:

Դատարանը նախ հրաժարվել է մեղադրանքը պարզաբանել, իսկ երբ նիստին ներկա Կյուրեղյանի աջակից, ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանն առարկել է՝ ասելով, թե «մեղադրյալի համար մեղադրանքը պարզ չէ», Բեկթաշյանը նրան հեռացրել է դատարանի դահլիճից և 5 րոպեով ընդմիջել նիստը:

Ներկաների կարծիքով՝ շուրջ 40 րոպե ուշացումով սկսված նիստը ևս 5 րոպեով հետաձգելով՝ դատավորը ցանկանում էր ներկաների զայրույթը հարուցել Սարուխանյանի նկատմամբ:

Նիստը վերսկվելուց հետո Հայկ Կյուրեղյանը, կրկին անդրադառնալով իրեն առաջադրված խուլիգանության մեղադրանքին, ասել է, որ համաձայն չէ, թե ինքը գերակայություն է ցույց տվել հասարակության նկատմամբ։ Ամբաստանյալի խոսքով՝ իր արարքը ոստիկանների դեմ էր, ոչ հասարակության, և ինքն ի ցույց է դրել արդարության համար պայքարող քաղաքացու գերակայությունը, ոչ թե իր՝ Հայկ Կյուրեղյանի:

Նա նշել է նաև, որ ոստիկաններն իրեն թույլ չեն տվել բողոքի ակցիան ավարտին հասցնել և ինքը հաջորդ անգամ դա կանի։

Դատարանում ներկաներից մի քանիսը ծիծաղել են, և Բեկթաշյանը նրանցից մեկին էլ հեռացրել է դահլիճից։ Եվս մեկ անգամ 5 րոպեանոց ընդամիջում հայտարարելով՝ դատավորը նիստը վերսկսել է առանց ներկաների․ կարգադրիչները նիստերի դահլիճ են թողել միայն լրագրողներին:

Դատարանը որոշել է միջնորդել Հանրային պաշտպանի գրասենյակին Կյուրեղյանի համար նոր պաշտպան տրամադրել։ Ամբաստանյալը, սակայն, դատավարության ընթացքում բազմիցս նշել է, որ պաշտպանի կարիք չունի ու ինքն է իրեն պաշտպանելու, այդ իսկ պատճառով էլ նա հրաժարվել էր նախորդ հանրային պաշտպանից։

Հաջորդ դատական նիստը կկայանա հունիսի 4-ին։