Home / Հայաստան / Ինչպես է ԱՎԾ֊ն տնտեսական աճ նկարել․ «ՀԺ»

Ինչպես է ԱՎԾ֊ն տնտեսական աճ նկարել․ «ՀԺ»

Երբ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) հայտարարում է, որ Հայաստանում տնտեսական աճ է գրանցվում, այդ թվերն իրականում նկարվում են, «Նկարելը հեշտ չէ» հոդվածում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական լրագրող Հայկ Գևորգյանը։

Նա նշում է, որ բավարար չէ միայն նկարել տնտեսական աճը, դրան զուգահեռ պետք է նկարվեն նաև բազմաթիվ այլ ցուցանիշներ, որոնք համադրելով հնարավոր է հասկանալ՝ ինչի հաշվին է գրանցվել աճը։ Գևորգյանը որպես օրինակ նշում է Ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած այս տարվա առաջին եռամսյակի տվյալները, համաձայն որոնց Հայաստանում 2.2 տոկոս տնտեսական աճ է գրանցվել։

«Գործնականում դժվար է պատկերացնել մի իրավիճակ, որ ներդրումները տնտեսության մեջ պակասեն, բայց տնտեսությունն աճի։ Այս տարվա առաջին եռամսյակում ներքին ներդրումների ծավալը նվազել է 0.1 տոկոսով։ Օտարերկրյա ուղղակի ներդրումները կրճատվել են 2 անգամ։ Այլ կերպ ասած՝ տնտեսության սնուցումը էականորեն նվազել է», ֊ նշում է հոդվածագիրը։

Նա նաև ընդգծում է, որ կան ևս մի քանի ցուցանիշներ, որոնք ապացուցում են ԱՎԾ֊ի թվերի նկարված լինելը։ Մասնավորապես, այս տարվա առաջին եռամսյակում մանրածախ առևտրի ծավալը, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 6.4 տոկոսով։ Այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի քան 23 տոկոսով նվազել է նաև Հայաստանից արտահանումը։ Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը 4 տոկոսով պակաս է եղել անցած տարվա նույն ցուցանիշից։

«Մի խոսքով՝ Ազգային վիճակագրական ծառայությունը գոնե այս տարվա առաջին եռամսյակում ուղղակի վերցրել ու տնտեսական աճ է նկարել՝ առանց այլևայլ ձևականությունների։ Վարչապետն ասել է՝ տնտեսական աճ է լինելու, ԱՎԾ֊ն էլ վերցրել ու պարզապես նկարել է և համարել գործն ավարտված», ֊ նշում է Գևորգյանը։   

Tekali Taxi