Home / Հայաստան / Հայաստանցի ուսանողները GIPA֊ում սովորելու համար ԱՄՆ֊ից ֆինանսավորում չեն ստանա

Հայաստանցի ուսանողները GIPA֊ում սովորելու համար ԱՄՆ֊ից ֆինանսավորում չեն ստանա

Այս տարվանից ԱՄՆ կառավարությունը դադարեցնելու է Հայաստանի ուսանողների՝ Վրաստանի հանրային կապերի ինստիտուտում (GIPA) սովորելու համար հատկացվող ֆինանսավորումը։ Epress.am֊ին հասած տեղեկությունների համաձայն, որոշումը կապված է եղել այն փաստի հետ, որ Հայաստանը 2014-ին անդամակցել է Եվրասիական տնտեսական միությանը։

Epress.am֊ի հարցին, թե արդյոք ֆինանսավորման դադարեցման պատճառը քաղաքական է, Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը պատասխանել է, թե դա որևէ առնչություն չունի «հայ-ամերիկյան հարաբերությունների ամրության հետ»։

«Միջազգային օժանդակությանն ուղղվող Միացյալ Նահանգների բյուջեն արտացոլում է ազգային անվտանգության առկա ու նոր ի հայտ եկող մարտահրավերներին, այդ թվում՝ վերջին տարվա նոր գլոբալ զարգացումներին արձագանքելուն ուղղված մեր ջանքերը: Ֆինանսական օժանդակության ծավալների նշանակալի կրճատումներ են եղել աշխարհի շատ երկրների մասով: Ահա այս համատեքստում էլ կրճատվել են Հայաստանի համար նախատեսվող օժանդակության ծավալները, որը հավանաբար կանդրադառնա նաև GIPA ծրագրի վրա: Սա որևէ առնչություն չունի իրականացված ծրագրերի որակի կամ հայ-ամերիկյան հարաբերությունների ամրության հետ», ֊ ասված է դեսպանատան նամակում:

Պատասխանելով մեր այն հարցին, թե ինչու այդ դեպքում չի նախատեսվում կրճատել ադրբեջանցի ուսանողներին GIPA֊ի համար տրվող օժանդակությունը, Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը նշել է, որ իրենք չեն կարող խոսել այն մասին, թե ինչպես է բաշխվում ամերիկյան օժանդակությունը Ադրբեջանում:

Tekali Taxi