Հանրաքվեի մասին օրենքում փոփոխություններ մտցնելու ՀՅԴ֊ի ներկայացրած նախագծի քննարկման ժամանակ ՕԵԿ անդամ Հեղինե Բիշարյանն առաջարկել է օրենքով լուծել նաև ընտրական ցուցակների հրապարակման հարցը։
Նրա խոսքով՝ ընդամենը երկու օր առաջ՝ Արտաշատում, Ալավերդիում և Աբովյանում կայացած քաղաքապետի ընտրությունների արդյունքները ցույց են տվել, որ կրկին գրանցվել է արտասահմանում գտնվողների, մահացածների և անչափահասների կողմից քվերակություն։
«Արտաշատում ընտարացուցակներում 21000 մարդ է գրանցված, մինչդեռ բնակչությունը 21300 է, այսինքն՝ ի՞նչ է ստացվում, Արտաշատում ընդհանրապես չունենք անչափահաս, բոլորը մասնակցո՞ւմ են ընտրություններին։ Ալավերդիում էլ ավելի մեծ խայտառակություն է եղել։ Ցուցակներում գրանցված մարդկանցից 3000 ավել մարդ է մասնակցել ընտրությանը։ 13700֊ի փոխարեն քվերակել է 16474 մարդ»,֊ ասել է Հեղինե Բիշարյանը։
Բիշարյանն ասել է, որ այս փաստերը կրկին անգամ ապացուցում են, որ, փոխոխելով օրենքը, պետք է նաև քվեարկությունից հետո ցուցակների հրապարակումը պարտադիր դարձնել, մասնավորապես, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ։
Հիշեցնենք, որ ՀՅԴ֊ն առաջարկում է փոփոխել Հանրաքվեի մասին օրենքը՝ համապատասխանեցնելով այն ընտրական օրենսգրքին: Նախագիծը, մասնավորապես, առաջարկում է գաղտնիություն ապահովելու համար հանրաքվեները ևս անցկացնել քվեածրարներով, ինչպես արվում է ընտրությունների ժամանակ: Օրինագծի հեղինակներն առաջարկում են նաև 10 անգամ մեծացնել հանրաքվեների անցկացման ֆինանսավորումը, քանի որ, ի տարբերություն ընտրությունների, հանրաքվեների ժամանակ չկան կուսակությունների վստահված անձիք։ Առաջարկներից մեկն էլ՝ ավելի շատ դիտորդներ ներգրավել հանրաքվեների անցկացման ընթացքում: