Home / Հայաստան / Զինծառայողի երեխային ծանր վիճակում «տուն են ուղարկել»․ «Հրապարակ»

Զինծառայողի երեխային ծանր վիճակում «տուն են ուղարկել»․ «Հրապարակ»

Զինծառայող Արման Ոսկանյանի 2 տարեկան երեխան՝ Էրիկ Ոսկանյանը, պառկած է եղել «Արաբկիր» բժշկական կենտրոնում, սակայն պատշաճ բուժօգնություն չի ստացել, գրում է «Հրապարակ» թերթը՝ նշելով, որ այդ մասին բողոք է ստացել։

Նամակ-բողոքում նշված էր, որ երեխային դուրս են գրել, որովհետև «տեր ու տիրական չունի», հայրն անընդհատ սահմանին է՝ Չինարի գյուղում, իսկ մայրը նորածին երեխա ունի։ Նամակի հեղինակները նշել են նաև, որ «Արաբկիրում» երեխային անվճար վիրահատելու և ողնաշարի կորսետ հագցնելու փոխարեն, ինչը սահմանված է օրենքով, «տուն են ուղարկել»։

Բժշկական կենտրոնի Վնասվածքաբանության և օրթոպեդիայի ծառայության ղեկավար Կարեն Քոլոյանը թերթի հետ զրույցում ասել է, որ երեխան իր բաժանմունքում չի պառկել, հնարավոր է՝ բուժզննություն է անցել, սակայն ինքն օրական երեք տասնյակ բուժզննություն է կատարում և չի կարող բոլորին հիշել։

«Որպեսզի պատասխանեմ Ձեր հարցերին, պետք է ծնողները երեխային նորից բերեն, ես զննություն կատարեմ ու Ձեզ գրավոր պատասխանեմ», ֊ ասել է բժիշկը։

Չինարիի գյուղապետ Սամվել Սողոյանը «Հրապարակի» հետ զրույցում ասել է, որ Ոսկանյանների ընտանիքում չորս երեխա կա, երեքը վատառողջ են։

«Սա իրոք շատ կարիքավոր ընտանիք է, բայց ոչ անտեր»,֊ ասել է գյուղապետը։ Նա հաստատել է, որ երեխայի վիճակը ծանր է, որ նա վիրահատության կարիք ունի, և նրան «Արաբկիր» կենտրոնից հետ են ուղարկել։

«Ծնողներին ասել են, որ երեխան դեռ փոքր է ողնաշարի վիրահատություն անելու համար, թող մի քիչ մեծանա, նոր բերեք», ֊ ասել է Սողոյանը։

Նա պատմել է, որ զինծառայող Ոսկանյանը 10 տարի է՝ պաշտպանում է սահմանները, որ նա ծայրահեղ աղքատ է։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում   

Լուսանկարը՝ med-practic.com

Tekali Taxi