2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Հիմնավորվեց, որ հարձակվել են Սյունիքի մարզպետի կողմնակիցները. Հայկ Ալումյան

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ զինված միջադեպի գործով դատաքննությամբ հիմնավորվել է, որ հարձակումը եղել է մարզպետի կողմնակիցների կողմից: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է գործով միակ ամբաստանյալ Արտակ Բուդաղյանի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ մեղադրանքի կողմը փորձում է ծանրացնել իր պաշտպանյալի գործողությունները, որպեսզի արդարացնի հակառակ կողմից զենքի կիրառումը:

Հայկ Ալումյանը նշել է, որ Սուրիկ Խաչատրյանի վարորդի ու երկու ազգականների հեռախոսահամարները լսելու ու ձայնագրառելու մասին դատարանի որոշումը չկատարելու պատճառների մասին ԱԱԾ-ին ուղղված հարցման պատասխանը որևէ հստակություն չի պարունակում: Դրանում ասվում է, որ որոշումը չի կատարվել տեխնիկական պատճառներով, սակայն ի՞նչ տեխնիկական պատճառներ են, որոնք խոչընդոտել են որոշման կատարմանը, չի նշվում:

Գործով վերջին՝ հունիսի 10-ի, դատական նիստում հայտարարվել է դատաքննության ավարտի և դատական վիճաբանությունների փուլին անցնելու մասին: Մեղադրողը ժամանակ է խնդրել մեղադրական ճառին նախապատրաստվելու համար: