Home / Հայաստան / Պատասխան Պուտինի՞ն․ թուրք պաշտոնյաները Ռուսաստանի օրվա ընդունելությանը ներկա չեն եղել

Պատասխան Պուտինի՞ն․ թուրք պաշտոնյաները Ռուսաստանի օրվա ընդունելությանը ներկա չեն եղել

Թուրքիայի կառավարության որևէ ներկայացուցիչ ներկա չի եղել Ռուսաստանի օրվան (տոնվում է հունիսի 12-ին) նվիրված ընդունելությանը, ինչը կարելի է ընկալել որպես Թուրքիայի պատասխան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ապրիլի 24֊ին արած հայտարարությանը, երբ վերջինս 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները որակել էր ցեղասպանություն, գրում է թուրքական Today's Zaman֊ը։

Հինգշաբթի՝ հունիսի 11֊ին, Թուրքիայում Ռուսաստանի դեսպանատանը կազմակերպված ընդունելությանը, ի թիվս այլ հյուրերի, մասնակցել են Թուրքիայի Զինված ուժերի ներկայացուցիչներ, սակայն երկրի կառավարությունը որևէ մակարդակով ներկայացված չի եղել, ինչն էլ Պուտինին Թուրքիայի դիվանագիտական պատասխանի վերաբերյալ շահարկումների առիթ է դարձել։

Թերթը հիշեցնում է, որ Վլադիմիր Պուտինի՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի միջոցառումների ժամանակ1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն որակելն արժանացել էր թուրք պաշտոնյաների խիստ քննադատությանը։ Մասնավորապես, երկրի Արտաքին գործերի նախարարությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որում ասված էր․ «Մենք մերժում և դատապարտում ենք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 1915 թվականի դեպքերը «ցեղասպանություն» որակելը, չնայած մեր բազմաթիվ զգուշացումներին և կոչերին։ Նման քաղաքական հայտարարությունները, որոնք օրենքի կոպիտ խախտում են, առոչինչ են Թուրքիայի համար»։

Tekali Taxi