Home / Տեսանյութեր / «Շնչի վրա 2000 դոլար». Կառավարությունը միլիարդներով մեծացնում է ՀՀ արտաքին պարտքը

«Շնչի վրա 2000 դոլար». Կառավարությունը միլիարդներով մեծացնում է ՀՀ արտաքին պարտքը

Պետական պարտքը կազմված է երկու բաղադրիչից՝ արտաքին ու ներքին, արտաքին պարտքը, իր հերթին, կազմված է երկու բաժիններից՝ կառավարության պարտք և Կենտրոնական բանկի պարտք: ՀՀ կառավարությունն ԱԺ է ներկայացրել օրինագիծ, որով ցանկանում է առանձնացնել կառավարության պարտքը ԿԲ֊ի պարտքից և վարկեր վերցնելու վերաբերյալ օրենքով սահմանված սահմանափակումները կիրառել միայն Կառավարության պարտքի դեպքում: Ներկայումս օրենքը թույլ չի տալիս վարկեր ներգրավել ՀՆԱ֊ի 60 տոկոսից ավելի չափով։ ԱԺ-ում հարցի քննարկման ժամանակ օրինագիծը քննադատել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ նշելով, տվյալ փոփոխությունը լայն հորիզոններ է բացում նոր պարտքեր կուտակելու համար:

«Եթե ԿԲ֊ի վերցրած պարտքերը չեն մտնելու օրենքով նախատեսված սահմանափակումների մեջ, ապա այդ չափով ավելանալու է Կառավարության վերցնելիք պարտքի թույլատրելի վերին շեմը: Բացի դա, Կենտրոնական բանկն այլևս կարող է առանց սահմանափակման վարկեր վերցնել, քանի որ առաջարկվող փոփոխությունների արդյունքում սահմանափակումները վերաբերելու են միայն կառավարության պարտքին: Սա նշանակում է, որ Կառավարությունը ուզում է էլ ավելի մեծացնել ՀՀ պետական պարտքը, որը 2015 թվականի ապրիլի դրությամբ կազմում է 4.6 միլիարդ դոլար», – ասել է Արամ Մանուկյանը:

Պատգամավորը վերջին 7 տարվա վիճակագրությունն է հիշեցրել, համաձայն որի պետական պարտքը գնալով մեծացել է:

«2008 թվականին պետական պարտքը կազմել է 1.5 միլիարդ դոլար, որը կազմել է ՀՆԱ-ի 13 տոկոսը, 2013 թվականին այն ավելացավ 2.5 անգամ և կազմեց 3.9 միլիարդ դոլար, 2015 թվականին այն կազմում է 4.6 միլիարդ դոլար՝ ավելացել է 3 անգամ 2008 թվականի համեմատ: ՀՆԱ-ն 11.6 միլիարդից իջել է 10.9 միլիարդի»,- ասել է Արամ Մանուկյանը։

Պատգամավորը նաև նշել է, որ ինքը չի տեսնում կետ Կառավարության առաջարկի մեջ՝ ինչպես է այդ պարտքն ի վերջո մարվելու:

«Շնչի վրա 2000 դոլար պարտք ունենք արդեն: Ով «Համերկրացիներ» ծրագրով մտնում է Ռուսաստան, ստանում է 2000 դոլար, Սիբիր գնացողը ստանում է 5000 դոլար: Հայաստանցին այդ 2000 դոլար պարտքից փախնում է, որովհետև կա երկիր, որ նրան 5000 դոլար է տալիս», – ասել է Արամ Մանուկյանը:  

Tekali Taxi