Home / Տեսանյութեր / Ոստիկանների բռնության զոհին դատաբժշկի ուղեգիր մինչ օրս չեն տրամադրել

Ոստիկանների բռնության զոհին դատաբժշկի ուղեգիր մինչ օրս չեն տրամադրել

Հունիսի 23-ի առավոտյան՝ 06։00 սահմաններում Սարյանի այգու շրջակայքից բերման ենթարկված համադրող, Ժամանակակից արվեստի ինստիտուտի ծրագրավար Թագուհի Թորոսյանին մինչ այժմ չեն տրամադրել դատաբժշկի ուղեգիր:

Epress.am-ի հետ զրույցում Թորոսյանը պատմել է, որ իրեն բերման են ենթարկել մոտ 10 հոգով՝ և՛ ոստիկանական, և՛ քաղաքացիական հագուստով անձիք։ Նրան մոտ 10 մետր քարշ են տվել դեպի ոստիկանական մեքենան՝ այդ ընթացքում ոստիկաններն ու քաղաքացիական հագուստով անձիք բարձր ծիծաղել են, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել:

«Ես նկարահանում էի, թե ինչպես են բերման ենթարկում Հովհաննես Իշխանյանին: Երբ ուշադրություն դարձրեցին տեսախցիկի վրա, հասկացա, որ պետք է փախնել ու իմ հետևից գոռում էին․ «Կամեռա՛ն, բռնե՛ք, ձեռ ու ոտ արեք՝ տարեք»», ֊ ասել է Թորոսյանը:

Երիտասարդ կնոջ համար դատաբժշկի ուղեգիր է պահանջել գործով զբաղվող «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպության ներկայացուցիչը և՛ Երևանի ոստիկանության Կենտրոնի բաժնում, որտեղ Թորոսյանին սկզբում բերման են ենթարկել, և՛ Աշտարակի բաժնում հանցագործության մասին հաղորդում տալու ժամանակ: Որևէ լուր չստանալով՝ Թորոսյանը բուժզննման է գնացել երեկ՝ տարածքային պոլիկլինիկա, որպեսզի ձեռքի վրա առկա կապտուկները չհասցնեն վերանալ: Բժիշկները արձանագրել են կապտուկները, ինչպես նաև շնչառության խանգարումներ և դող: Բժիշկներն իրենց արձանագրած տվյալներն ուղարկել են ոստիկանություն:

1taguhi

2taguhi

«Կենտրոնի ոստիկանությունում ինձ եկավ հարցաքննելու այն քաղաքացիական հագուստով մարդը, ով հրաման էր տվել ինձ բռնել: Ես ասացի, որ ճանաչել եմ նրան: Նա սկսեց ասել, թե նախորդ օրվանից տանն էլ եղել: Հետո ասաց՝ տարե՛ք սրանց: Իջեցրեցին առաջին հարկ, ես հրաժարվում էի ներկայանալ: Մեզ հետ կային բերման ենթարկվածներ, որ առողջական գանգատներ ունեին: Մի տղայի ձեռքն էր վնասվել, հարցնում էր՝ երբ է բժիշկ գալու: Ոստիկաններն ասացին՝ ձեռքդ չի փախնի քեզնից, չես մեռնի: Մեզ դուրս հանեցին, այնտեղ հարցրեցինք՝ ո՞ւր եք տանում, ասացին՝ Աշտարակ, հետաքրքրվեցինք այնտեղ տանելու պատճառի մասին, ասացին՝ օդը մաքուր է: Մեքենայում մյուս բռնված երիտասարդ տղամարդկանց նստացրեցին 2 խուցի և վանդակի մեջ, ասացին՝ դրանով ցմահ բանտարկյալներ են տեղափոխում»,- պատմել է նա:

Այժմ Թորոսյանը ոստիկանությունից պահանջում է բարոյական վնասի և նյութական կորստի (նրա տեսանկարահանող սարքից բռնագրավել են հիշողության քարտն արժեքավոր նյութերով) փոխհատուցում։

Tekali Taxi