Home / Տեսանյութեր / Սերժ Սարգսյանի խնդրանքը ռուսներին չբավարարեց ցուցարարներին

Սերժ Սարգսյանի խնդրանքը ռուսներին չբավարարեց ցուցարարներին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուրախացնում է, որ Բաղրամյան պողոտայում նստացույց անցկացնող ցուցարարները հաստատում են որոշ փորձագետների ենթադրությունների անհեթեթությունը, թե այդ ցույցերի մեջ հակառուսական տրամադրություններ կան։ Այս մասին Սարգսյանն ասել է ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հետ այսօր Երևանում կայացած հանդիպման ժամանակ։

Սարգսյանն ասել է, որ Հայաստանում ստիպված են գնացել ժողովրդականություն չվայելող քայլի (Էլէներգիայի գնի բարձրացման)՝ հաշվի առնելով հայկական դրամի ինֆլյացիայի մակարդակը և արտադրվող էներգիայի ինքնարժեքի բարձրացումը:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Սարգսյանն ասել է, թե ճիշտ կլիներ, եթե միջկառավարական հանձնաժողովը յուրահատուկ ուշադրություն դարձնի Հայաստանում ռուսաստանյան ընկերությունների գործունեությանը: Նրա խոսքով՝ ճիշտ կլիներ, որ միջկառավարական հանձնաժողովի կողմից դիտարկվեր «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության դուստր ձեռնարկության՝ Հայաստանի բաշխիչ ցանցերի (Հայաստանի էլեկտրական ցանցեր) գործունեության մանրազնին աուդիտի անցկացման հնարավորությունը նրանց ամբողջ գործունեության ընթացքի համար՝ փորձագիտական հանրության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ:

Սարգսյանի առաջարկի հետ կապված՝ Սոկոլովը նշել է, որ միջկառավարական հանձնաժողովի հովանու ներքո կկազմակերպվի ընկերության գործունեության աուդիտը՝ ներգրավելով փորձագետների, բոլոր շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներին, այդ ամենն իրականացնելով առավելագույնս բաց և թափանցիկ, որպեսզի աուդիտի արդյունքներով բոլորին հասկանալի և միանշանակ լինի իրավիճակը, և ոչ մեկի մոտ հարցեր չծագեն:

Նախարարի հետ հանդիպման հաղորդագրության տարածումից հետո Բաղրամյան պողոտայի նստացույցի ակտիվ մասնակից «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները հայտարարել են, որ իրենց հիմնական պահանջը չի փոխվում՝ նվազեցնել էլէներգիայի սակագինը։

Նստացույցի ժամանակ հայտարարվել է, որ բողոքողներն աուդիտը շատ փոքր քայլ են համարում, և մտադիր չեն վերանայել իրենց երեք պահանջները:

«Կարճ ասեմ, երեք պահանջներն են՝ թանկացման ծրագրի վերացումը, անցյալ տարի բարձրացված գնի իջեցումը,  և պատժումը բոլոր այն ոստիկանները, որոնք մեր դեմ անօրինություններ են արել: Մենք պետք է սթափ լինենք և պատրաստ լինենք դիմավորելու մեր հաղթանակը: Մենք ոչ մի սադրանքի չենք տրվելու», – հայտարարել է ակցիայի մասնակիցներից մեկը:

Tekali Taxi