Home / Հայաստան / Վերնախավը՝ ընդհանուր թշնամի․ Հայաստանի հետ համերաշխ են Թբիլիսիում, Բաքվում, Կիևում

Վերնախավը՝ ընդհանուր թշնամի․ Հայաստանի հետ համերաշխ են Թբիլիսիում, Բաքվում, Կիևում

Երևանում ու Հայաստանի մյուս քաղաքներում տեղի ունեցող ցույցերի սոցիալական բնույթն արձագանքի ու ըմբռնման է արժանացել երկրի սահմաններից դուրս։ Նախկինում նման բան չէր նկատվում։ Հայաստանի իրադարձությունների վերաբերյալ իրենց դիրքորոշումն ու ցուցարարներին իրենց համերաշխությունն առավել հստակ արտահայտել են խմբեր ու անհատներ հարևան Վրաստանից, Ադրբեջանից, Թուրքիայից, ինչպես նաև՝ Ուկրաինայից։ Նրանց բոլորին միավորում է սկզբունքորեն ոչ ազգայնական դիրքորոշումն ու տարբեր աստիճանի ձախական հայացքները։

Տասնյակ մարդիկ հունիսի 24֊ին հավաքվել էին Թբիլիսիում Հայաստանի դեսպանատան դիմաց՝ վանկարկելով «Համերաշխություն հայ ժողովրդին», «Առաջ սոցիալական շահեր»․ նրանցից ոմանք ունեին կարմիր դրոշակներ։ Ակցիան նախաձեռնել էր «Ուսանողների ինքնակազմակերպված ցանց» նախաձեռնությունը։

solid1

Ակցիայի մասնակից Միխայիլ Սվանիձեի խոսքով՝ իրենք աջակցում են Հայաստանում բողոքի ցույցերին, քանի որ «[Հայաստանում] բարձրացրել են էլէներգիայի սակագները, օլիգարխներն ու կորպորացիաները փորձում են թալանել [հայաստանցիներին]»։

«Մենք այդ ամենը հասկանում ենք, քանի որ Վրաստանում նույնպես նման խնդիրներ կան։ Հետևաբար, անհրաժեշտ եմ համարում այժմ սատարել հայերին»,֊ ասել է նա։

solida1

«Կարևոր է համերաշխություն ցուցաբերել ոչ միայն նման պահերին, այլև հետագայում էլ շարունակել համակարգել միմյանց հետ։ Հատկապես, մեր ընդհանուր թշնամու՝ կապիտալիստական վերնախավի դեմ պայքարում»,֊ ասել է ակցիայի մեկ այլ մասնակից։

 

Երևանում տեղի ունեցողը, վրաստանցի ցուցարարների խոսքով, կարևոր է ամբողջ տարածաշրջանի համար։ Հայաստանի դեսպանատան մոտ հավաքվածները, Նոդար Շուաբիձեի պնդմամբ, վրաստանյան որևէ քաղաքական ուժի չեն պատկանում․ «Մենք աջակցում ենք Հայաստանի ժողովրդին, որն այժմ պայքարում է իր սոցիալական շահերի համար»։

Նույն օրն Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան դիմաց են հավաքվել մի խումբ անարխիստներ, այդ թվում «Սև ծիածան» կազմակերպության, «Ուղիղ շարժում» անկախ ուսանողական միության, «Աշխատավորների ինքնավար միության» ներկայացուցիչներ, ինչպես նաև՝ անհատ ակտիվիստներ։ Ցուցարարները, մասնավորապես, ընդգծել են, որ երևանյան ցույցերին ակտիվ մասնակցություն են ցուցաբերում հայ անարխիստները, որոնք դեռևս հունիսի 19֊ի ցույցի ժամանակ թիրախավորվել էին ոստիկանության կողմից։

«Բնակչությանը տրամադրվող էլէներգիայի գնի բարձրացման խնդիրն արդիական է նաև Ուկրաինայում։ Ինչպես և Հայաստանում, մեր երկրում նույնպես պաշտոնյաներն ու էլէներգիայի մատակարար ընկերությունների սեփականատերերը մշտապես ձգտում են սակագների վճարման բեռը դնել հասարակության ամենաաղքատ ու խոցելի շերտերի վրա, իսկ իշխանավորները շարունակում են առավելագույնի հասցնել իրենց շահույթը։

Աշխատավորների՝ իրենց իրավունքների համար ու իշխանությունների ամենաթողությունների դեմ պայքարում մեզ համար սահմաններ գոյություն չունեն։

Պետությանն ու մեզ շահագործելու ու ճնշելու նրանց ցանկությանը կարող ենք դիմադրել կազմակերպված պայքարի և միջազգային համերաշխության միջոցով։

Ո՛չ աստված, ո՛չ տեր,

Ո՛չ ազգեր, ո՛չ սահմաններ։

Ազատություն, հավասարություն,

Գլոբալ համերաշխություն»։

Ադրբեջանցի ընկերները, որոնց հայաստանյան իրադարձություններից բաժանում է ղարաբաղյան ճակատային գիծը, իրենց համերաշխությունն արտահայտում են սոցցանցերի ու անձնական նամակների միջոցով։ Մասնավորապես, տարածվում էր կոլաժ, որը համեմատական էր անցկացնում Բաքվում 2013֊ին տեղի ունեցած բողոքի ցույցերի ու երևանյան վերջին իրադարձությունների միջև․ բռնության աղբյուներն իշխանություններն ու դրանց ներկայացուցիչներն են, թիրախն ու զոհերը՝ մնացած բոլորը։

aSolidar_Baku1

Բաքվի «Ձախ ճակատ»֊ի ներկայացուցիչ Կարլ Լեբտն արձագանքել է «Спiлне» սոցիալական քննադատության ամսագրում սյունակի միջոցով, որը ներկայացնում ենք կրճատումներով։

«․․․Հայաստանյան իրողությունների ավելի մանրամասն ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս հասկանալ դրանց կարևոր տարբերությունն ինչպես Ուկրաինայից, այնպես էլ՝ հարևան Վրաստանից։ Հայաստանի՝ որպես պետության հնարավորությունների շրջանակը սահմանափակ է ոչ միայն զուտ հայաստանյան քաղաքական վերնախավի քմահաճույքով, այլև՝ Ադրբեջանի հետ ուղիղ առճակատմամբ պայմանավորված․․․

․․․Ցավոք, ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ձախ դիսկուրսը դեռևս հստակ ուրվագծեր ու իրական բովանդակություն չի ստացել։ Թե՛ հայ, թե՛ ադրբեջանցի ձախերը, սակայն, համակարծիք են նրանում, որ Ղարաբաղի հայերի ու ադրբեջանցիների իրավունքները համարժեք են։ «Ղարաբաղն ո՞ւմն է» դիսկուրսը պետք է դուրս մղվի առողջ ձախական քաղաքականության միջոցով, որն իր մեջ ներառում է թե՛ ուղիղ ժողովրդավարության իրականացման սկզբունք, թե՛ ճակատի երկու կողմերում կարծրացած ազգայնական նախապաշարմունքների դեմ հետագա պայքար։

․․․Ինչ վերաբերում է Հայաստանում տեղի ունեցող սոցիալական բողոքին, ապա հետխորհրդային երկրներում՝ իրական ծրագրի, առաջադեմ ու ժողովրդավարական ձախ շարժման բացակայության պայմաններում, լավագույն տարբերակն ակտիվ քաղաքացիական սոլիդարության խթանումն է, որը չի զարգանա ուկրաինական սցենարով։ Օրինակ, ստամբուլյան Գեզիի հետխորհրդային տարբերակ։ Այսինքն՝ ուժեղ քաղաքացիական ակտիվիզմի առկայությունն ընդհանուր առմամբ վերահսկողության տակ է պահում իշխանությանը, բնակչությունը հասնում է իր հիմնական պահանջներին, սակայն չի դառնում գործիք, օլիգարխների, Արևմուտքի, Ռուսաստանի սպասավորը․․․»

Թուրքիայից Հայաստանին համերաշխություն են արտահայտել Ստամբուլի Գեզի այգու շուրջ բողոքի ցույցերի մասնակիցները։ Նրանք սոցցանցում ստեղծել են խումբ, որի միջոցով հետևում են հայաստանյան զարգացումներին, զուգահեռներ անցկացնում Թուրքիայում իրավիճակի հետ, զորակցության խոսքեր հղում ցուցարարներին։ Ամենատարածված մեկնաբանություններն այն մասին են, որ սահմանի երկու կողմերում իշխանական վերնախավերը միանման նպատակներ են հետապնդում ու պատրաստ են ցանկացած բռնության՝ իշխանություն պահպանելու համար։  

Tekali Taxi