հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Ռուսաստանյան ընկերությունը մտադիր չէ վաճառել «Հայաստանի էլեկտրական ցանցերը»

Ռուսաստանյան ընկերությունը մտադիր չէ վաճառել «Հայաստանի էլեկտրական ցանցերը»

Ռուսաստանյան «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը «Հայաստանի էլեկտրական ցանցերը» վաճառելու մտադրություն չունի։ Reuters գործակալության փոխանցմամբ, այս մասին ասել է ռուսաստանյան ընկերության ներկայացուցիչ Անտոն Նազարովը։ «Բանակցություններ չենք վարում և վաճառք չենք ծրագրում»,֊ Նազարովի խոսքերն է մեջբերում գործակալությունը։

Միևնույն ժամանակ, «Կոմերսանտ» թերթը, հղում կատարելով ընկերությունում իր աղբյուրին, հայտնում է, որ «Ինտեր ՌԱՕ»֊ն մտադիր է վաճառել ՀԷՑ֊ը՝ Հայաստանում շարունակվող ցույցերի պատճառով։

Նշենք՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը 100%-ով պատկանում է «Ինտեր ՌԱՕ»-ին: 2014 թվականին ՀԷՑ-ի եկամուտը կազմել է 157,3 մլրդ դրամ, վնասը՝ 10,7 մլրդ դրամ։

Հայաստանում էլէներգիայի թանկացման շուրջ կոնֆլիկտը ծագել է այն բանից հետո, երբ հունիսի 17-ին Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է 2015 թվականի օգոստոսի 1-ից երկրում էլէներգիայի սակագինը բարձրացնել 6,93 դրամով: Հանձնաժողովի որոշումը հանգեցրել է տարերային բողոքի ցույցերի Երևանում ու Հայաստանի մի շարք այլ քաղաքներում։

Հունիսի 23֊ին վաղ առավոտյան ՀՀ ոստիկանությունն անհամաչափ ուժի կիրառմամբ ցրել է ցուցարարներին Բաղրամյան պողոտայից։ Նույն օրը երեկոյան բողոքողների թիվը մի քանի անգամ աճել է։ Ցուցարարները մերժել են ՀՀ նախագահին հանդիպելու առաջարկներն ու կրկին արգելափակել Բաղրամյան պողոտան, որտեղից հրաժարվում են հեռանալ։