Home / Հայաստան / Ինչու Ռուսաստանում հայաստանյան իրադարձությունները հնարավոր չեն

Ինչու Ռուսաստանում հայաստանյան իրադարձությունները հնարավոր չեն

Ինչու հայաստանյան իրադարձությունները հնարավոր չեն Ռուսաստանում

Տպագրված է snob.ru֊ում

Հեղինակ՝ Մաքսիմ Շևչենկո, լրագրող քաղաքական վերլուծաբան, իրեն անվանում է ինտերնացիոնալիստ, Ռուս Ուղղափառ եկեղեցու հետևորդ է

Հայաստանի էներգետիկ ցանցերը պատկանում են ռուսաստանյան ընկերություններիn։ Բավական փոքր երկրում, որտեղ տեղակայված է ժամանակակից ատոմային էլեկտրակայան, ու կան նաև այլ տիպի էլեկտրակայաններ։ Էլեկտրաէներգիան, սակայն, ժողովրդից խլում են ու վաճառում արտերկիր՝ Վրաստան, Իրան, Թուրքիա։ Երկրում չկան ժամանակակից ձեռնարկություններ, որոնք մեծ քանակությամբ էներգիա են սպառում։ Բայց հանկարծ դրա պակաս է նկատվում։ Հայաստանի ժողովուրդը, հասարակ մարդիկ, որոնց բախտը չի բերել լինել կամ հարուստ, կամ՝ նախկին ԿԳԲ֊ական, տուժում են խոշոր կորպորացիաների պատճառով։

Հայաստանյան իրադարձությունները սոցիալական բողոք էին ռուսաստանյան ծագմամբ իշխող տնտեսական օլիգարխիայի ամենաթողություն դեմ։ Հայերն առողջ ռազմատենչության տեր մարդիկ են, ուստի փողոց դուրս եկան առանց Արևմուտքի որևէ «օգնության», թեև ոմանք պնդում են, որ ԱՄՆ֊ի մատն այստեղ, այնուամենայնիվ, խառն է։ Որոշ արևմտյան հիմնադրամներ, հավանաբար, կարող էին օգտվել առիթից, սակայն ցուցարարների բողոքի պատճառը ռեժիմը տապալելու ցանկությունը չէր, այլ զգացումը, որ իրենք խոշոր բիզնեսի ոտքի տակի կեղտն են։

Բավական է լինել Հայաստանում ու Երևանում տեսնելու համար տարբերությունը մայրաքաղաքի հարուստ թաղամասերի ու երկրի մնացած աղքատ հատվածի միջև, որտեղ ծերը ծերին հասցնելու համար մարդիկ ուժասպառ են լինում՝ ինչ֊որ ծիրաններ աճեցնելով։

«Բայց ախր փողոց ծիրաններ աճեցնող մարդիկ չեն դուրս եկել», ֊ կասեք դուք․ «Դուրս է եկել Երևանի երիտասարդ բուրժուազիան»։ Իսկ ես կպատասխանեմ, որ ամենաաղքատ շերտերը երբեք չեն եղել հեղափոխության շարժիչ ուժը․ դրանք այն մարդիկ են, ում մոտ զարգացած է սոցիալ֊էթիկական գիտակցությունը։ Հայաստանցի քաղաքական գործիչները հիմար չեն, ուստի ընդառաջ գնացին ժողովրդին։ Քանի որ թեև հայերը բաժանված են կլանների, նրանք, այնուամենայնիվ, ընտանիք են։

Ռուսաստանյան կորպորացիաները հետխորհրդային տարածքն ընկալում են որպես 19֊րդ դարի Աֆրիկա․ տարածք, որտեղ մարդկանց շահագործերը նորմալ է։ Նրանք Ռուսաստանն էլ են նույնկերպ ընկալում։ Ռուսաստանը յուրօրինակ երկիր է՝ էներգառեսուրսների հսկայական քանակով ու դրանց բավական բարձր գնով, որոնք համեմատելի չեն Արաբական Միացյալ Էմիրություններում և այլ երկրներում գների հետ, որոնք իրենց քաղաքացիներին, առաջին հերթին, ապահովում են էժան էներգիայով։ Ռուսաստանի խոշոր կորպորացիաները բնակչության մասին չեն մտածում ու շահագրգռված չեն դրա զարգացմամբ։

Հայաստանում ռուսաստանյան հիպերկորպորացիան բախվել է ժողովրդի բարձր ինքնագիտակցությանը, ու հայերը Ռուսաստանի քաղաքացիներին սովորեցրին, թե ինչպես պետք է պաշտպանել սեփական իրավունքներն ու երկխոսություն վարել հղփացած կորպորատիվ հրեշների հետ։ Նրանք ցույց տվեցին, որ կորպորացիայի շահերը չեն համընկնում երկրի շահերի հետ։

Ինչո՞ւ նույն իրավիճակը, որն այժմ տեսնում ենք Հայաստանում, հնարավոր չէ Ռուսաստանում։ Քանի որ, առաջին, մեր եկամուտներն ավելի բարձր են, քան հայերինը, ավելի բարձր է նաև բնակչության իներտությունը։ Բնակչությունն ատոմացված է։ Հայաստանում բողոքի շարժումը պետական ԶԼՄ֊ների մակարդակով արգելափակելն ու մարգինալացնելը շատ ավելի բարդ է, իսկ ցուցարարների հետ հաշվի չնստելն ընդհանրապես անհնարին է։ Մեծ հավանականությունը, որ բարիկադի մյուս կողմում կարող է կանգնած լինեն ոստիկաններից մեկի հարազատը։ Իսկ ահա Ռուսաստանում ոստիկաններն ու ցուցարարները շատ ավելի օտարացված են միմյանցից։ Այստեղ կարելի է Վլադիվոստոկից ՕՄՕՆ ջոկատներ լցնել Մոսկվա։ Ռուսաստանի հսկայական տարածքն իշխանությունների ու կորպորացիաների գործողությունների անվերահսկելիություն է ստեղծում։

Այստեղ գիտակցաբար ոչնչացվում են քաղաքական կուսակցությունները, այն դեպքում, երբ Հայաստանում ձախ ազգայնական Դաշնակցությունը գոյություն ունի արդեն ավելի քան 100 տարի։ Հայաստանյան կուսակցությունները ֆեյք գոյացումներ չեն, դրանք մոբիլիզացիոն բարձր ներուժ ունեցող քաղաքական լուրջ ինստիտուտներ են։ Հազիվ թե դրանք իրենց ծրագրերն ու քաղաքական գործողությունները համաձայնեցնեն Սերժ Սարգսյանի հետ։ Այնտեղ կա իրական ընդդիմություն։ Ռուսաստանում մոբիլիզացնող ինստիտուտներ չկան․ այստեղ կուսակցությունները պետության կամ խոշոր մոնոպոլիստների բաղադրիչ են։ Զանգվածային հեռուստատեսությունը կոնսոլիդացնող տարր չէ, այն կարևոր սոցիալական խնդիրներ օրակարգ չի բարձրացնում, այլ հակառակը, ունի թմրեցնող գործիքի դեր ու գործում է «չքորել այնտեղ, որտեղ քոր է գալիս» սկզբունքով, ինչպես ասել էր Սուրկովը։ Հայաստանում չեն վախենում քորել։  

Tekali Taxi