Home / Տեսանյութեր / Ոստիկանները մարդկանց ուժով հեռացրել են Բաղրամյան պողոտայից (թարմացվում է)

Ոստիկանները մարդկանց ուժով հեռացրել են Բաղրամյան պողոտայից (թարմացվում է)

14.18  Բերման ենթարկվածների հստակ թիվը, նրանց բոլորի ինքնությունը և  ոստիկանության բաժինները դեռ ճշտվում են: Այս պահի դրությամբ  հայտնի է, որ բերման ենթարկվածների թվում են Դավիթ Սանասարյանը, Արգիշտի Կիվիրյանը, Արսեն Օհանյանը, Շահեն Հարությունյանը , Տիգրան Առաքելյանը, Վաղինակ Շուշանյանը, Գոռ Սարգսյանը, Անի Կաղինյանը:

13.26 Վալերի Օսիպյանը վստահեցրել է, որ բերման ենթարկված բոլոր քաղաքացիները ազատ կարձակվեն, նրանց նկատմամբ հետապնդում չի իրականացվի։ 

Այս պահին Բաղրամյան պողոտայի երթևեկությունը վերականգնվել է։ Մարդիկ շարունակում են մնալ մայթերին։

protest_Yerevan

13.10 Ոստիկանները սկսել են մարդկանց ուժով, քաշքշելով հեռացնել Բաղրամյան պողոտայի երթևեկելի մասից։ Հարյուրավոր ոստիկաններ Բաղրամյանի մայթերին պատնեշներ են կազմել ու մարդկանց թույլ չեն տալիս վերադառնալ երթևեկելի մաս։ Քաղաքացիների մի մասին բերման են ենթարկել բաժին։ 

12։55 Ցուցարարների մոտ են եկել «Հրեշտակներ ջոկատի» կին ոստիկաններ, ովքեր փորձել են բանակցել մարդկանց հետ, սակայն մի քանի րոպե անց նրանք հեռացել են։ Նստացույցի վայր են ժամանել պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Նաիրա Զոհրաբանը, Էլինար Վարդանյանը։ Ցուցարարները պատ են կազմել ու կատարում են ՀՀ օրհներգը։

Նիկոլ Փաշինյանը ոստիկաններին կոչ է արել բռնություն չգործադրել։

12:50 Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը կոչ է արել «միասին վերադարձնել Բաղրամյանի նախկին տեսքը»։ Ցուցարարները սկսել են վանկարկել «Հեռացեք»։ Ցուցարարները հրաժարվում են լքել Բաղրամյանի պողոտան։

12:40 Ոստիկանությունը սկսել է հեռացնել օրեր շարունակ Բաղրամյան պողոտայում որպես բարիկադներ ծառայող աղբամանները։ Ցուցարարները վանկարկում են՝ «Բարիկադը մենք ենք», «Ազատ, անկախ Հայաստան», «Ամոթ, ամոթ», «Միացում»։

12.19 Քիչ առաջ ոստիկաններն այցելել են Բաղրամյան պողոտայի նստացույցի վայր և հայտարարել, որ պատրաստվում են վերականգնել երթևեկությունը և ցուցարարներին ինքնակամ ճանապարհը ազատելու համար ժամանակ են տալիս մինչև 12.30: ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը խորհուրդ է տվել ներկաներին գնալ, օրինակ, Ազատության հրապարակ: «Մենք ձեզ կօգնենք, միասին կտեղափոխվենք: Ջրցանի միջոցով էլ փողոցը կմաքրենք»,- ցուցարարներին համոզում էր Հունան Պողոսյանը:

Ցուցարարներից մեկը հիշեցրել է, որ ոստիկանության բռնությունների հետևանքով բազմաթիվ տուժածներ կան, սակայն ոչ ոք չի պատժվել: «Մեղավորները պատժվելու են, արջի ծառայություններ մատուցողները մեր շարքերում չեն լինելու: Որևէ մեկի նկատմամբ կոպիտ վերաբերմունք չի լինի, եթե սադրիչներ չլինեն»,- վստահեցրել է Պողոսյանը:

Մինչ բարձրաստիճան ոստիկանը խոսում էր, ոստիկանական շղթա է կազմվել այս անգամ բարիկադների և նստացույցի մասնակիցների միջև:

Նստացույցի ակտիվ մասնակից Դավիթ Սանասարյանը ոստիկաններին հորդորել է սպասել մինչև երեկո, որպեսզի ժողովուրդը հավաքվի և որոշում կայացնի հետագա անելիքների վերաբերյալ, հակառակ դեպքում՝ ոստիկանության գործողությունները կդիտվեն որպես սադրանք, և երեկոյան ավելի վատ վիճակ կլինի։

«Եթե գնաք էս քայլին, ողջ պատասխանատվությունը Սերժ Սարգսյանի ու իշխանությունների վրա է լինելու», ֊ հայտարարել է Սանասարյանը։

Պողոսյանը Սանասարյանին հորդորել է հարցը քաղաքական դաշտ չտեղափոխել ու Սերժ Սարգսյանի մասին խոսելիս ասել «հանապետության նախագահ»։ Սանասարյանը պատասխանել է, որ Սարգսյանին նախագահ չի ճանաչում։

 
Tekali Taxi