Home / Հայաստան / Ռուսաստանցի գործարարը տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղ

Ռուսաստանցի գործարարը տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղ

Ռուսաստանցի գործարար, «Ալիսա» ապրանքային բորսայի հիմնադիր Գերման Ստերլիգովը լքել է Ռուսաստանն ու մեկնել Լեռնային Ղարաբաղ։ Միևնույն ժամանակ, սկսվել է գործարարի ունեցվածքի վաճառքը, գրում է Newsru.com կայքը՝ նշելով, որ գործարարը նպատակ ունի մի օր վերադառնալ հայրենիք։

Կայքի համաձայն, Ստերլիգովի՝ Լեռնային Ղարաբաղ տեխափոխվելու մասին «Նորությունների ռուսական ծառայությանը» հուլիսի 4֊ին հայտնել էր գործարարի օգնական Պոլինա Սիրոտան։

«Նա մեկնել է Լեռնային Ղարաբաղ․ երբ կվերադառնա՝ հայտնի չէ, բայց անպայման կվերադառնա։ Նա ստիպված էր հեռանալ՝ լուրջ հանգամանքներից ելնելով։ [Պատճառն] ավազակներ չեն, ոչ․․․ մակարդակը շատ ավելի բարձր է»,֊ ընդգծել է Սիրոտան։

Անցած շաբաթ Ստերլիգովը «ՎԿոնտակտե» սոցցանցի իր անձնական էջում տեղադրել էր իր տան լուսանկարը՝ կողպված լուսամուտներով՝ հետևյալ գրառմամբ. «Սլոբոդայի թարմ լուսանկարները` ի ուրախություն Ռուսաստանում թշնամիների: Վաղ եք ուրախանում. կգա մի օր, ու մենք կվերադառնանք: Փառք Հիսուս Քրիստոսին։ Գերման Ստերլիգով և որդիներ»:

«Նորությունների ռուսական ծառայության» լրագրողները պարզել են, որ ներկայումս վաճառքի են հանված Ստերլիգովի ֆերմայի անասունները․ վաճառվում են այծերն ու ոչխարները։ Ընդ որում, գործարարին մոտ աղբյուրները հայտնել են, որ շտապ ու ակտիվորեն վաճառվում են նաև նրա մեքենաները։

Ավելի վաղ ռուսաստանյան ԶԼՄ֊ները հայտնում էին, որ Ստերլիգովը կարող էր ներգրավվել «Ռուս ազգայնականների մարտական կազմակերպության» շուրջ քրեական գործի մեջ․ կազմակերպության անդամները դատապարտված են ազատազրկման փաստաբան Ստանիսլավ Մարկելովի ու լրագրող Անաստասիա Բաբուրովայի սպանության համար։

Գերման Ստերլիգովը 1990 թվականին հիմնել է Ռուսաստանում առաջին ապրանքային բորսան ու դարձել երկրում առաջին միլիոնատերերից մեկը։ 1996 թվականին սկսել է զբաղվել քաղաքականությամբ, 1998֊ին գլխավորել է «Խոսք և գործ» («Ռուսական տուն») շարժումը։ Ստերլիգովը փորձել է դառնալ Մոսկվայի քաղաքապետ ու Ռուսաստանի նախագահ։

2004 թվականին գործարարը թողել է իր բիզնեսն ու ընտանիքի հետ հեռացել Մոսկվայից։ Մոսկվայի մարզի ղեկավարությունը նրան տրամադրել է 37 հա հողատարածք Մերձմոսկովյան շրջանում, որտեղ Ստերլիգովը սկսել է զբաղվել գյուղատնտեսությամբ ու անասնաբուծությամբ։ 

Լուսանկարը՝ ridus.ru
Tekali Taxi