Home / Հայաստան / Աուդիտից հետո կհայտարարվի ՀԷՑ֊ի վաճառքի մասին․ «ՀԺ»

Աուդիտից հետո կհայտարարվի ՀԷՑ֊ի վաճառքի մասին․ «ՀԺ»

Աուդիտից հետո «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կվաճառվի «Տաշիր գրուպի» սեփականատեր, ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանին (լուսանկարում): Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

Թերթը նշում է, որ գործարքի մասին պիտի հայտարարվեր դեռ հունիսի 27-ին, բայց Կարապետյանը, լինելով փորձված գործարար և տեսնելով, որ հանրային բողոքը մեղմելու համար ՀԷՑ-ը ենթարկվելու է աուդիտի, որոշել է գործարքը կնքել միայն աուդիտից հետո:

«Հասկանալի է, որ աուդիտը բազմաթիվ պրոբլեմներ է ի հայտ բերելու և այդ պրոբլեմները նվազեցնելու են գործարքի գինը: Կարապետյանը, մասնավորապես, մտադիր է հասնել նրան, որ առքուվաճառքի գնից հանվի ՀԷՑ-ի այսօրվա պարտավորությունների առնվազն կեսը:

Այսինքն, Սամվել Կարապետյանը վճարում «Ինտեր ՌՍՕ ԵԷՍ»-ին, վերջինս վաճառքի գումարից վճարում է ՀԷՑ-ի հայաստանյան արտադրողներին ունեցած 23.6 միլիարդ դրամ պարտքը, այդ նույն գումարից վճարում է մի քանի ժամկետանց պարտքեր, գրավից դուրս է բերում ՀԷՑ-ի գրավադրված գույքի մեծ մասը և հիմնարկը Կարապետյանին է հանձնում կիսամաքուր վիճակում: Այս պարագայում էլեկտրական էներգիայի սակագինը բարձրացնելու անհրաժեշտություն չի առաջանա: Սամվել Կարապետյանը, հասկանալի պատճառներով, չի ուզում, որ իր ՀԷՑ-ի սեփականատեր դառնալը ասոցացվի հոսանքի թանկացման հետ: Ինչ վերաբերում է գործարքի գնին, փորձագետների գնահատականով այն կարող է տատանվել 250-300 միլիոն դոլարի սահմաններում: Մեր տեղեկություններով, Կարապետյանն այս գումարը վճարելու է ռուսական բանկերից մեկից ստացված արտոնյալ վարկի միջոցով: Վարկը տրվելու է ՌԴ կառավարության երաշխիքով», – նշում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Tekali Taxi