Home / Հայաստան / ՄԻԵԴ֊ը քննում է Չարենցավանի դպրոցում մահացած 10֊ամյա երեխայի գործը

ՄԻԵԴ֊ը քննում է Չարենցավանի դպրոցում մահացած 10֊ամյա երեխայի գործը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կոմունիկացրել է «Դերենիկ Մկրտչյանը և Գայանե Մկրտչյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործը, որը վերաբերում է Մկրտչյանների` դպրոցում մահացած 10-ամյա թոռանը՝ Դերենիկ Գասպարյանին: Գործի մասին տեղեկություններ է հրապարակել Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կենտրոնի կայքը, որը ներկայացնում է հայցվորներին: 

Դերենիկ Գասպարյանը Չարենցավանի համար 5 դպրոցի սան էր: 2010 թվականի հունիսի 5-ին, երբ ուսուցիչը, աշակերտներին հանձնարարություն տալով, հեռացել էր դասասենյակից, համադասարանցիներից երկուսը ծեծել են Դերենիկին: Երեխան մահացել է հիվանդանոցի ճանապարհին: Բժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ Դերենիկը տառապում էր մի շարք հիվանդություններով, որոնց մասին ընտանիքը տեղյակ չէր:

Փորձագետներն ապացուցված են համարել, որ Դերենիկի մոտ սկսված էպիլիեպսիայի նոպային նպաստել են նաև ստացած հարվածները: Համադասրանցիները չէին կարող պատասխանատվության ենթարկվել, քանի որ անչափահաս էին:

ՄԻԵԴ դիմելով՝ Դերենիկի ընտանիքը նշել է, որ դպրոցի տնօրինությունը և ուսուցչական անձնակազմը չեն պաշտպանել նրա կյանքի իրավունքը (Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդված), և որ իշխանությունները սույն գործով պատշաճ հետաքննություն չեն վարել:

Գործը կոմունիկացնելով՝ ՄԻԵԴ-ը տղայի կյանքի իրավունքի խախտման փաստը դիտարկում է այն լույսի ներքո, որ նա մահացել է պետական հաստատությունում՝ միջնակարգ դպրոցում: Դատարանը նաև հարց է ուղղել կողմերին՝ արդյոք խախտվել են հետաքննության նորմերը և պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը, և սպասում է պատասխանի:

 
Tekali Taxi