Home / Բանակ / Ղարաբաղյան հակամարտությունը որպես Ռուսաստանի բիզնես

Ղարաբաղյան հակամարտությունը որպես Ռուսաստանի բիզնես

Ռուսաստանը Հայաստանին տրամադրել է 200 միլիոն դոլարի վարկ՝ զինամթերք գնելու ու երկրի զինված ուժերն արդիականացնելու համար։ Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ զինված ուժերը կստանան նոր սպառազինություն, որը զգալի ազդեցություն կունենա տարածաշրջանում ուժերի հավասարակշռության վրա։ Խորհրդարանականներն արդեն վավերացրել են նախորդ շաբաթ Երևանում ստորագրված Ռուսաստանի հետ վարկային համաձայնագիրը։ «Էխո Կավկազա»֊ի եթերում իրավիճակը մեկնաբանել է քաղաքագետ, Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը․

֊ Ռուսաստանը Հայաստանին տրամադրել է վարկ, որով երկիրը ձեռք կբերի սպառազինության նորագույն տեսակներ ու կփորձի վերականգնել այն հավասարակշռությունը, որը խախտվել է հենց մեր այսպես կոչված դաշնակցի ջանքերով, որը 2010 թվականից սկսած միլիարդավոր դոլարների զինամթերք է մատակարարում Ադրբեջանին։ Ընդ որում, եթե հիշում եք, ՀԱՊԿ֊ի գլխավոր քարտուղար [Նիկոլայ] Բորդյուժան խոսում էր Մարիո Պյուզոյի հերոսի բառերով, թե այստեղ անձնական ոչինչ չկա, միայն՝ բիզնես։ Մենք, սակայն, հասկանում ենք, որ դա արյան վրա հիմնված բիզնես է, քանի որ միայն այդ՝ Ռուսաստանի ջանքերով ստեղծված հավասարակշռության խանգարման շնորհիվ է, որ մենք մի կողմից բախվեցինք բանակցային գործընթացի խափանման՝ պայմանավորված Ադրբեջանի կողմից դիրքորոշման կտրուկ խստացմամբ ու մաքսիմալիզմի անցումով, և մյուս կողմից՝ Ադրբեջանն արդեն սկսեց իրեն թույլ տալ շփման գծում ուժային հարձակման, ինչպես նաև՝ մինչ այժմ գործող հրադադարի մշտական խախտման փորձեր։ Ու կրկին, Ռուսաստանի կողմից հնչեց հանգստություն պահպանելու ընդհանուր կոչ, կարծես՝ ինքն այդ ամենի հետ ընդհանրապես որևէ առնչություն չուներ։

Հիմա արդեն, հաշվի առնելով փաստը, որ Հայաստանում հասունանում էր դժգոհություն Ռուսաստանի նման քաղաքականության վերաբերյալ ու կարող էր վերածվել բողոքների Հայաստանում Ռուսաստանի քաղաքականության դեմ (ինչը տեսանք երևանյան վերջին բողոքի ակցիաների ժամանակ, երբ բողոքում էին երկրում թալանով զբաղված ռուսաստանյան ընկերության գործունեության դեմ), Ռուսաստանն սկսեց քայլեր ձեռնարկել Հայաստանում հասարակական կարծիքին ընդառաջ։ Հիշում ենք՝ ինչով դա ավարտվեց․ առաջինը՝ համաձայնեցին այդ ընկերությունում աուդիտ իրականացնել, երկրորդը՝ հայկական կողմին հանձնեցին Պերմյակովի գործը, ինչը համառաբար չէին ցանկանում անել հունվարից սկսած, և երրորդը՝ դա կարծես այս վարկի նախապատմությունն է։ Շա՞տ է այն, թե՝ քիչ։ Սա հարաբերական հարց է։ Սպառազինության մակարդակի հարցը ենթադրում է մշտական զարգացում։ Ասենք՝ Հայաստանին այն կօգնի ինչ֊որ չափով բարձրացնել իր սպառազինության մակարդակը, ու հնարավոր արկածախնդրության գինն Ադրբեջանի համար էլ ավելի թանկացնել (եթե Ալիևի ռեժիմը գնա այդ քայլին)՝ ընդհուպ մինչև անթույլատրելիության աստիճանի։ Դա ինչ֊որ չափով կօգնի պահպանել հրադադարի ռեժիմը։ Ես սա ասում եմ, քանի որ հայկական կողմի համար ռազմական գործողությունների վերսկսումն ի սկզբանե անընդունելի է, ինչպես նաև՝ չկա դրա համար որևէ պատճառ։

֊ 13 տարի մարման ժամկետով վարկն ունի երեք տարվա արտոնյալ շրջան ու տարեկան 3% տոկոսադրույք։ Գումարը ծախսվելու է ռուսաստանյան զենք գնելու վրա՝ զեղչով 2015 և 2017 թվականներին։ Հայաստանին այս վարկը որքանո՞վ է ձեռնտու, և արդյո՞ք Ռուսաստանը Հայաստանին անշահավետ իրավիճակում չի դնում՝ տալով գումար թեկուզ փոքր, բայց, այնուամենայնիվ, տոկոսով ու պնդելով, որ զենք Հայաստանը կարող է գնել միայն Ռուսաստանից։

֊ Հաշվի առնելով, որ Հայաստանում տնտեսական իրավիճակը գնալով վատթարանում է, ընդ որում, մեծ մասամբ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության «շնորհիվ», տեսնելով, որ Ռուսաստանից Հայաստան տրանսֆերտների ծավալը նույնպես նվազել է, ու կա հետագա անկման, տնտեսական կապերի կրճատման միտում, կարծում եմ, որ հետագայում այս վարկի մարման հետ կապված էլ ավելի մեծ թվով բարդություններ կլինեն։ Կարող եմ այս ամենին ավելացնել նաև այն, որ Ռուսաստանը՝ որպես միջնորդ, իրեն անարժան կերպով է պահում, քանի որ մյուս միջնորդներն իրենց առջև դրել են հետևյալ պայմանը․ քանի դեռ հակամարտությունը շարունակվում է, տարածաշրջան չպետք է մատակարարվի զենք, որպեսզի այդ զենքը չկրակի։ Սա՝ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահների կողմից։ Իսկ ահա Ռուսաստանն իրեն բոլորովին այլ կերպ է պահում․ նարկոդիլերի պես՝ երկիրը զենք է մատակարարում հակամարտության երկու կողմերին, մյուս կողմից՝ ավելացնելով նրանց կախվածությունն իրենից։ Փաստորեն, տեսնում ենք, որ ղարաբաղյան հակամարտության անլուծելիության գլխավոր ու երբեմն միակն շահառուն հենց Ռուսաստանն է։ Հետևաբար, Ռուսաստանը շարունակելու է այս քաղաքականությունը, քանի դեռ դրան վերջ չի տրվել տարածաշրջանի ներսում ու դրանից դուրս ուժերի կողմից՝ վերոհիշյալ ուժերի, սուբյեկտների համատեղ ջանքերով։ Ահա՝ ինչի հետ գործ ունենք։

֊ Հայաստանը, որի տարածքում առկա է ռուսական ռազմաբազա, Հարավային Կովկասում Ռուսաստանի հիմնական դաշնակիցն է։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանը զենք է վաճառում հարևան Ադրբեջանին, որի հետ Երևանը հակամարտում է Լեռնային Ղարաբաղի շուրջ։ Հակամարտող երկու կողմերին զենք վաճառելը նույնն է, ինչ ծխացող հակամարտության վրա յուղ լցնելը։ Ինչպե՞ս են դա ընկալում երկու երկրների կառավարությունները։

֊ Կարծում եմ, որ երկու երկրների կառավարությունները հակամարտության այս տարիների ընթացքում վերածվել են Ռուսաստանի ղեկավարության, այսպես ասած, հաճախորդների․ հետևաբար, նրանք նաև ապահովում են ռուսաստանյան ազդեցությունը տարածաշրջանում ու երկրներից յուրաքանչյուրում՝ հաշվի առնելով նաև այդ ռեժիմների բնույթը։ Իսկ ո՞րն է այդ բնույթը։ Դա կոռումպացվածությունն է, բիզնեսի ու քաղաքականության տոտալ միաձույլությունը, բոլոր ոլորտների մոնոպոլիզացիան։ Ռուսաստանն իր մատակարարումներով պահպանում է հենց այդ ձևավորումն ու հակամարտության չկարգավորվածությունը։ Ու դա կոչվում է, մի կողմից, հայ֊ռուսական բազմամյա բարեկամություն, մյուս կողմից՝ նմանապես բազմամյա հայ֊ադրբեջանական բարեկամություն։

֊ Նկատի ունեք ռուս֊ադրբեջանական բարեկամություն․․․

֊ Այո, ռուս֊ադրբեջական բարեկամություն։ Ընդ որում, կարևոր չէ՝ դա ինչպես է կոչվում․ այդ ամենի շարժառիթներն առանց այդ էլ պարզ են։ Ցավոք, ունենք այն, ինչ ունենք։ Ես, միևնույն է, հույս ունեմ, որ թե Հայաստանի, թե Ադրբեջանի հասարակություններում բանականությունն ու այս ուղու աղետալիությունը հաղթանակ կտանեն զգացմունքների նկատմամբ։ Այսինքն՝ մենք մեր երեխաներին կսիրենք ավելի շատ, քան կատենք մեր թշնամիներին։ 

Tekali Taxi