Home / Տեսանյութեր / Դատավորն ընդառաջեց միայն մեկ անգամ․ Կյուրեղյանը կրկին չի մասնակցել իր գործով նիստին

Դատավորն ընդառաջեց միայն մեկ անգամ․ Կյուրեղյանը կրկին չի մասնակցել իր գործով նիստին

Դատավոր Արմեն Բեկթաշյանն արգելել է ծրագրավորող Հայկ Կյուրեղյանի գործով այսօրվա դատական նիստին մասնակցել մեղադրյալի եղբորը՝ Արեգ Կյուրեղյանին, ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանին և Կյուրեղյանի մի քանի այլ համախոհներին, ովքեր նախորդ դատական նիստին հեռացվել էին դահլիճից: Դատավորի որոշման մասին Կյուրեղյանի աջակիցներին հայտնել են դատական կարգադրիչները։

Այսօրվա նիստին կրկին ներկա չէր ամբաստանյալը: Նա հեռացվել էր դատարանից 10 դատական ժամով՝ դատավորին անհարգալից վերաբերմունք ցույց տալու համար (դատարանում նստած խոսելու և դատավորի՝ դահլիճ մտնելու ժամանակ ոտքի չկանգնելու համար ֊ խմբ․): Նախորդ նիստին Բեկթաշյանը նրան վերադարձրել էր դահլիճ՝ հայտարարելով, որ «ընդառաջում» է նրան, սակայն այսօր կրկին թույլ չի տվել ներկա լինել նիստին։

Ի նշան համերաշխության իր որդիներին և մյուս հեռացվածներին՝ մեղադրյալի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը, հրաժարվել է մտնել դատական դահլիճ:

Epress.am-ի հետ զրույցում վերջինս դժգոհել է դատավարության ընթացքից: «Երբ ուզում են, բերում են Հայկին, երբ չեն ուզում՝ չեն բերում: Անհիմն հեռացնում են դահլիճից մարդկանց անժամկետ, ընդմիշտ: Որդիս չունի պաշտպանության մեխանիզմներ», – ասել է Կյուրեղյանը:

Այսօրվա դատական նիստը, այնուամենայնիվ, հետաձգվել է գործով որպես տուժող անցնող ոստիկաններից մի քանիսի բացակայության պատճառով։ Նրանք գտնվում են արձակուրդում: Հաջորդ դատական նիստին՝ օգոստոսի 25-ին, մեղադրող դատախազը պետք է հանդես գա մեղադրական ճառով:

Արմենակ Կյուրեղյանը դժվարացել է կանխատեսել՝ որքան խիստ պատիժ կառաջարկի մեղադրողը։ Նա նկատել է, որ այդ որոշումը դատախազինը չէ, այլ քաղաքական որոշում է:

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանի և նրա ընկերների դատավարության մեկնարկին Հայկ Կյուրեղյանը բարձրացել էր դատարանի շենքի առջև գտնվող ավտոմեքենաներից մեկի վրա և օդամղիչ ատրճանակով կրակել ոստիկանների ուղղությամբ: Կյուրեղյանը պահանջել էր ազատ արձակել քաղբանտարկյալներին։

Ոստիկանների կողմից ծեծի ենթարկվելու մասին Կյուրեղյանը տեղեկացրել էր ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահման վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի ղեկավար Հասմիկ Սահակյանին, սակայն հետագայում հարուցված գործը կարճվել է։

Tekali Taxi