Քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի և ընկերների գործով հունիսի 12-ին կայացած առաջին դատական նիստից առաջ դատարանի շենքի մոտ ոստիկանների ուղղությամբ օդամղիչ ատրճանակով կրակած Հայկ Կյուրեղյանի գործով դատական նիստն այսօր մեկնարկել է դատավոր Արմեն Բեկթաշյանի նկատողությամբ։
Դատավորը նկատողություն է արել «ոտքի, դատարանն է գալիս» խոսքերի ժամանակ տեղից չբարձրացած Կյուրեղյանին և առաջին շարքում նստած նախկին քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին։ Կյուրեղյանն իր քայլը բացատրել է նրանով, որ հարգանք չի տածում դատարանի հանդեպ, քանի որ դա ոչ թե «Հայաստանի Հանրապետության դատարան է, այլ ռեժիմի դատարանը», որը 90 տոկոս դեպքերում «բռնաբարում է արդարադատությունը»։
Նիստը, այնուամենայնիվ, շարունակվել է, սակայն կարճ է տևել, քանի որ դատավորը հայտարարել է, որ մեղադրյալի պաշտպան Արա Զաքարյանի բացակայության պայմաններում այն պետք է հետաձգվի։ Կյուրեղյանը պնդել է, որ այսօրվա նիստին կարող է ինքն իրեն պաշտպանել, սակայն Բեկթաշյանն ասել է, որ մեղադրյալը նման իրավունք չունի կամ պետք է պաշտպանից հրաժարվի նրա իսկ ներկայությամբ։ Դատական նիստը հետաձգվել է մինչև դեկտեմբերի 1-ը։
Դատարանի դահլիճում էին հավաքվել «Ազատություն քաղբանտարկյալներին» նախաձեռնության մի շարք ներկայացուցիչներ, Հայկ Կյուրեղյանի, ինչպես նաև Շանթ Հարությունյանի և ընկերների հարազատները։ Հավաքվածները Կյուրեղյանին դիմավորել են «Հերոս, հերոս» վանկարկումով։
Նիստից հետո Հայկ Կյուրեղյանի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը, լրագրողներին ասել է, որ արդարացման դատավճիռ չի ակնկալում։ Նրա խոսքով՝ կիրառվելիք պատժաչափը կախված է վերևներից եկող հրահանգից և հասարակության հետաքրքրվածության աստիճանից։ Հայրը նաև տեղեկացրել է, որ իրենք բողոքարկել են Հայկ Կյուրեղյանի նկատմամբ բռնությունների վերաբերյալ քրեական գործը կարճելու ՀՔԾ֊ի որոշումը։
Նշենք, որ հունիսի 12-ին քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանի և նրա ընկերների դատավարության մեկնարկին Հայկ Կյուրեղյանը բարձրացել էր դատարանի շենքի առջև տեղակայված ավտոմեքենաներից մեկի վրա և օդամղիչ ատրճանակով կրակել ոստիկանների ուղղությամբ: Կյուրեղյանը պահանջել էր ազատ արձակել քաղբանտարկյալներին։
Ոստիկանների կողմից ծեծի ենթարկվելու մասին Կյուրեղյանը տեղեկացրել էր ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահման վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի ղեկավար Հասմիկ Սահակյանին։
Այնուհետև գործի շրջանակներում տրված ցուցմունքում Կյուրեղյանը պատմել էր, որ ոստիկաններն իրեն ծեծել են նախ ավտոմեքենայի մեջ, երբ տեղափոխում էին Ոստիկանության Կենտրոնի բաժին և երբ իր ձեռքերին ձեռնաշղթաներ էին հագցված, ապա նաև ոստիկանության բաժնի երկու տարբեր սենյակներում, ընդ որում՝ այդ անգամ բռնությունները կիրառվել են ոչ միայն համազգեստով ոստիկանների, այլև քաղաքացիական հագուստով անձանց կողմից: