ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ոստիկանների կողմից հունիսի 12-ին Կենտրոնի դատարանի բակում կրակոցներ արձակած Հայկ Կյուրեղյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ, գրում է «Հայկական ժամանակը»՝ վկայակոչելով ՀՔԾ լրատվական բաժնի պետ Միքայել Ահարոնյանին։
Քրեական գործը, ըստ թերթի, հարուցվել է ՀՀ ՔՕ 309 հոդվածի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները անցնելը):
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանի և նրա ընկերների դատավարության մեկնարկին Հայկ Կյուրեղյանը բարձրացել էր դատարանի շենքի առջև տեղակայված ավտոմեքենաներից մեկի վրա և օդաճնշական ատրճանակով կրակել ոստիկանների ուղղությամբ:
Էրեբունու ժամանակավոր պահման մեկուսարան այցելած ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահման վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի ղեկավար Հասմիկ Սահակյանին Կյուրեղյանը տեղեկացրել էր որ իրեն բռնության են ենթարկել։
Հասմիկ Սահակյանն «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, որ Հայկի մարմնի վրա կան վնասվածքներ, որոնք նա ստացել է բերման ենթարկվելու ժամանակ, կան նաև ոստիկանությունում ծեծի հետևանքով ստացված վնասվածնքեր։
Կյուրեղյանին այցելած Մարդու իրավունքի պաշտպանի գրասնեյակի ներկայացուցիչ Արմեն Գևորգյանը «Ազատություն» ռադիոկայանին նույնպես ասել էր, որ Կյուրեղյանի մարմնի վրա վնասվածքների հետքեր են եղել։