Home / Տեսանյութեր / Աղմկահարույց սպանության գործով անցնող մեղադրյալի դեմ ցուցմունքներ չկան․ փաստաբան

Աղմկահարույց սպանության գործով անցնող մեղադրյալի դեմ ցուցմունքներ չկան․ փաստաբան

Դանակի հարվածից մահացած 15-ամյա Դավիթ Հովակիմյանի սպանության փորձի մեջ մեղադրվող վանաձորցի Կարեն Կունգորցևի գործով միակ վկան, ով վերջինիս դեմ ցուցմունք էր տվել, երեկ դատական նիստի ժամանակ այդ ցուցմունքից հրաժարվել է:

15-ամյա վկա Ռ. Ս.-ն ասել է, որ ինքը դեպքի վայրում չի եղել, չի տեսել՝ ով է հարվածել Դավիթին:

«Վկան ասել է, որ ինքն ընդամենը ստորագրել է այն արձանագրությունը, որն իրեն քննիչը տվել է: Վկայի հայրը և մայրը, ովքեր ևս դատարանում էին, դահլիճում ասեցին, որ մի անգամ եկել են բաժին, ստորագրել են գրված արձանագրությունը»,- Epress.am-ի հետ զրույցում դատական նիստի մանրամասները ներկայացրել է Կունգորցևի փաստաբան Արայիկ Պապիկյանը:

Նա հիշեցրել է, որ վկան նախաքննության փուլում գրել էր, թե տեսել է Կունորցևին դեպքի վայրում, և այդ ցուցմունքը կրկնել նաև դատարանում՝ հունվարին կայացած նիստերից մեկի ժամանակ:

«Երեկ, սակայն, նա ասաց, որ ուզում է ճշմարտությունն ասել: Վկան դժվարությամբ էր խոսում: Նրա ցուցմունքը երկու անգամ ընդհատվել է: Նա ճնշման տակ է սուտ ցուցմունք գրել: Ասաց, որ չէր հասկանում, իրեն ասել են, որ բոլորն էլ Կունգորցևի դեմ են ցուցմունքներ տվել»,- պատմել է Պապիկյանը:

Փաստաբանի խոսքով՝ այս վկայի ցուցմունքը միակն էր, որ ապացուցում էր առաջադրված մեղադրանքը, մնացած բոլոր փորձաքննությունը, ցուցմունքները, իրեղեն ապացույցները ցույց են տալիս, որ Կունգորցևը դեպքի վայրում չի եղել և չի հարվածել մահացածին:

«Ենթադրվում է, որ այսպիսով դատախազությունը պետք է հրաժարվի առաջադրված մեղադրանքից»,-ասել է փաստաբանը:

Հաջորդ դատական նիստը կգումարվի օգոստոսի 5-ին:

Նշենք, որ Կարեն Կունգորցևը չի ընդունում ոչ իրեն ի սկզբանե մեղսագրված արարքը՝ Դավիթ Հովակիմյանի սպանությունը, ոչ էլ դեպքից 10 ամիս անց փոփոխված՝ սպանության փորձի մեղադրանքը:

Մեղադրյալը կալանքի տակ գտնվելու ընթացքում դիմել է ինքնավնասման, հացադուլ է արել: Նրա մայրը նշել է, որ որդուն ծեծել են ոստիկանությունում՝ պահանջելով ընդունել մեղքը:

Ավելի վաղ news.am կայքը գրել է, որ Վանաձորում լուրեր են շրջանառվում, թե 15-ամյա Դավիթ Հովակիմյանին սպանել է ԱԱԾ աշխատակցի որդին:

Կունգորցևի մեղադրանքը սպանությունից սպանության փորձի է վերաորակվել օգոստոսի վերջին։ Միևնույն ժամանակ անբարեխիղճ վերաբերմունք ցուցաբերելու և մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեջ մեղադրանք է առաջադրվել «Վանաձորի բժշկական կենտրոն» ընկերության բժիշկ Վլադիմիր Ղուկասյանին, ով դատապարտվել է 3 տարվա ազատազրկման։

Տեսանյութը՝ Adrine Torosyan֊ի՝ YouTube կայքի էջից

Tekali Taxi