Home / Հայաստան / ՀՀԿ֊ական պատգամավորը սնանկ է ճանաչվել դատարանի վճիռը չկատարելու պատճառով․ «Ժողովուրդ»

ՀՀԿ֊ական պատգամավորը սնանկ է ճանաչվել դատարանի վճիռը չկատարելու պատճառով․ «Ժողովուրդ»

2015թ ապրիլի 8-ին Աբովյան քաղաքի բնակիչ Կարապետ Օհանյանը դիմել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով ՀՀԿ-ական պատգամավոր Սպարտակ Մելիքյանին սնանկ ճանաչել, իսկ դատարանը բավարարել է պահանջը, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը: Այժմ պատգամավորին պատկանող գույքի վրա արգելանք է դրված։

Թերթը նշում է, որ Օհանյանը դատարանում հայտնել է, թե 2011 թվականի օգոստոսի 19-ին Նուբարաշեն և Էրեբունի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել Սպարտակ Մելիքյանից հօգուտ իրեն բռնագանձել 6 միլիոն 520 հազար դրամ: Սպարտակ Մելիքյանը չի կատարել դատարանի վճռով հաստատված պահանջը: Արդյունքում, Կարապետ Օհանյանը հաշվի առնելով օրինական ուժի մեջ մտած վճիռը՝ հղում է կատարել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածին և խնդրել է, որ Սպարտակ Սելիքյանին ճանաչեն սնանկ:

«Ժողովուրդ»֊ը նաև ներկայացնում է պատգամավորից գումարը բռնագանձելու որոշման պատճառները։ 2011 թվականի փետրվարի 24-ին Օհանյանն իրեն պատկանող «OPEL VECTRA» մակնիշի ավտոմեքենան հանձնել է Սպարտակ Մելիքյանի հորը՝ Սեյրան Մելիքյանին: Հենց այդ օրը տեղի է ունեցել ավտովթար, որի հետևանքով պատգամավորի հայրը մահացել է: Ամբողջովին ջարդվել է Օհանյանին պատկանող ավտոմեքենան:

Դեպքից 1 ամիս հետո Օհանյանը դիմել է պատգամավորին և հայտնել, որ տեղի ունեցած վթարից իր մեքենան ամբողջովին վնասվել է, իսկ ինքն առանց մեքենայի չի կարող ապրուստի միջոցը հոգալ, քանի որ ամուսնացած է և իր խնամքին է բազմանդամ ընտանիքը: Ուստի խնդրել է հատուցել մեքենայի արժեքը կամ նմանատիպ այլ ավտոմեքենա տրամադրել: Մելիքյանը, սակայն, նրան մերժել է, և Օհանյանը դիմել է դատարան: 2011 թվականին էլ դատարանը որոշել է պատգամավոր Սպարտակ Մելիքյանին պարտավորեցնել, որ վճարի Կարապետ Օհանյանին 6 միլիոն 520 հազար դրամ:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ 168․am

Tekali Taxi