Home / Տեսանյութեր / «Իսլամական պետությունն» ու Թուրքիան Սուրուչի սպանդի համատեքստում

«Իսլամական պետությունն» ու Թուրքիան Սուրուչի սպանդի համատեքստում

Հոդված՝ Արդյո՞ք Թուրքիան մեղսակից է Սուրուչի սպանդին

Հեղինակ՝ Ալև Յաման

Աղբյուր՝ bianet.org

Թուրք֊սիրիական սահմանին գտնվող Սուրուչ փոքր քաղաքը երկուշաբթի ցնցվեց մահապարտ ահաբեկչի գործողությունից, որը խլեց առնվազն 32 մարդու կյանք, շուրջ 100 հոգի վիրավորվեցին։ «Իսլամական պետության» կողմից իրականացված հարձակման թիրախում մի խումբ երիտասարդ, ձախաթևյան ակտիվիստներ էին Թուրքիայի տարբեր անկյուններից, որոնք միավորվել էին Քոբանիի վերակառուցմանն օգնելու նպատակով։

Հարձակումից հետո Թուրքիայի իշխանությունները քրդական քաղաքական ուժերի ու սփյուռքի կողմից արժանացան կոշտ քննադատության։ Երկուշաբթի բողոքի ցույցեր անցկացվեցին Լոնդոնում, Փարիզում, Բրյուսելում և Հաագայում Թուրքիայի դեսպանատների դիմաց, որոնք ուղեկցվում էին «ահաբեկիչ Թուրքիա» վանկարկումներով ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության դեմ այլ կարգախոսերով։ Միևնույն ժամանակ, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) խարիզմատիկ համանախագահ Սելահեթին Դեմիրթաշը հանդես եկավ հայտարարությամբ՝ Անկարային մեղադրելով Սուրուչում հարձակմանը մեղսակից լինելու մեջ․ «Բոլոր երկրներն ու ռեժիմները, որոնցից «Իսլամական պետությունն» ու բռնաբարության նմանատիպ բանակներն աջակցություն են ստանում, մեղսակից են այս բարբարոսությանը։ Նրանք, ովքեր լուռ են ու անգամ չեն համարձակվում արտահայտվել «Իսլամական պետության» դեմ, ղեկավարներն Անկարայում, որոնք ամեն օր սպառնում են ԺԴԿ֊ին ու շոյում «Իսլամական պետության» գլուխը, նրանք այդ բարբարոսության հանցակիցն են»։

Քրդերի արձագանքն այս ողբերգական հարձակմանն ուժեղացրել է իշխանությունների հասցեին քրդական շարժման ներկայացուցիչներից շատերի կողմից հաճախ հնչող քննադատությունը․ մասնավարապես, որ Թուրքիան մեղավոր է «Իսլամական պետության» վերելքի համար, որ պետությունն ուղղակի ու անուղղակի կերպով աջակցել է ահաբեկչական խմբին, և որ Անկարան օգտագործել է «Իսլամական պետությանը» որպես միջնորդ Ռոժավայում (քրդական Սիրիա) քրդական զորքերի դեմ պատերազմում։ Սուրուչի սպանդն այս վարկածին վստահողներից շատերի կողմից ընկալվում է որպես հերթական դրվագը քրդերի դեմ այդ ենթադրյալ արշավում։

Կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչները բազմիցս հերքել են այդ պնդումները․ թե՛ նախագահ Էրդողանը, թե՛ վարչապետ Դավութօղլուն խստորեն դատապարտել են երկուշաբթի տեղի ունեցած հարձակումը։ Վարչապետի գրասենյակի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը ռմբակոծությունը որակել է որպես «վրեժ «Իսլամական պետության» դեմ Թուրքիայի վերջին հակաահաբեկչական գործողությունների համար»։ Դավութօղլուն, իր հերթին, ասել է, որ Թուրքիան «երբեք չի հանդուրժել որևէ ահաբեկչական խմբի»։ Ըստ պաշտոնական Անկարայի՝ այս հարձակումը Թուրքիայի դեմ էր, այլ ոչ՝ երկրի ներսում Քոբանիի քրդերին կարեկցող տարրերի։

Այս մեսիջն անսպասելի չէր՝ հաշվի առնելով հարձակման մասշտաբներն, ու, ակնհայտորեն, նպատակ ունի փոխել Թուրքիայում ու արտասահմանում աճող այն ընկալումը, թե Թուրքիան, ինչ֊որ չափով, թաքուն աջակցել է «Իսլամական պետությանը»։ Այնուամենայնիվ, քիչ հավանական է, որ նման հայտարարությունները կթեթևացնեն Թուրքիայի քրդերի մտահոգությունները, որոնց աչքի առաջ նախագահ Էրդողանի՝ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը բազմիցս հասկանալի է դարձրել, որ Քոբանին պաշտպանած քրդերին և Թուրքիայում ու Սիրիայում քրդական քաղաքական շարժումները դիտում է որպես «Իսլամական պետությանը» հավասար սպառնալիք։ Միայն վերջին 12 ամիսների ընթացքում նախագահ Էրդողանն «Իսլամական պետությունը» հավասարեցրել Քրդական բանվորական կուսակցությանը, ՔԲԿ֊ն՝ Սիրիայում քրդական շարժմանը, Թուրքիայում գործող քրդամետ ԺԴԿ֊ն որակել է որպես ահաբեկչական, ու կասկածի տակ դրել դեպի Քոբանին ուղղված միջազգային ուշադրությունը քաղաքի՝ «Իսլամական պետության» դեմ պայքարի ընթացքում։

Մինչդեռ, «Իսլամական պետության»՝ Թուրքիայի խոշորագույն քաղաքներում թուրք զինյալների գրեթե բացահայտ հավաքագրման մասին գրող Ալև Սքոթն ու լրագրող Ջեյլան Յեգինշուն միջազգային մամուլում հաղորդեցին շատ ավելի շուտ, քան Թուրքիայի անվտանգության ծառայությունները բարեհաճեցին հետաքննել երևույթը։ Իսկ [Յեգինշուն] կառավարամետ ԶԼՄ֊ների կողմից ենթարկվեց հրապարակային ահաբեկումների ու սպառնալիքների նրանից հետո, երբ նախագահ Էրդողանը նրա հետաքննությունն ու թեմայի լուսաբանումն անվանեց «ամոթալի, անբարոյական դավաճանություն»։ Չի կարելի չնկատել նաև այն, որ «Իսլամական պետության» վերելքը Սիրիայում համընկավ Անկարայի իրականացրած անկշռադատ, թերի սահմանային քաղաքականության հետ, որի ընթացքում ջիհադիստներն ազատորեն տեղաշարժվում էին երկրների միջև ու հեշտորեն մուտք գործում հիվանդանոցներ ու սրբարաններ Թուրքիայում։

Այս ամենը հաշվի առնելով՝ բարդ է պնդել, որ Անկարան ամբողջովին անմասն է Սուրուչում սպանդին հանգեցրած հանգամանքներին։ Կարևոր է, սակայն, շեշտել, որ սա չպետք է ընկալվի որպես հարձակմանը պետության մասնակցության ուղիղ մեղադրանք։ Թուրքիայի կառավարությունն իր, ժամանակ առ ժամանակ, սուր հռետորաբանության միջոցով խթանել է Թուրքիայի և Սիրիայի քրդական շարժումների հանդեպ թշնամանքի մթնոլորտի ստեղծումը, բազմիցս ցուցադրել է թվացող անտարբերության կամ հանդուրժողականության վերաբերմունք «Իսլամական պետության» նկատմամբ, ու, Ասադի վերացմանն աջակցելու իր վճռականության միջոցով, նպաստել է զինված ջիհադիստ խմբավորումների հայտնվելուն սահմանի հարավային մասում։

Դեռևս հարցականի տակ է անվտանգության ծառայությունների դերակատարությունը Թուրքիայի առավել հսկվող տարածքներից մեկում կոտորածը չկանխելու մեջ։ Այն, որ «Իսլամական պետության» տրամաչափի զինված խմբավորման հետ սահման կիսող երկիրը հարձակումից առաջ սահմանային անվտանգությունը բարելավելու տեղ ուներ, Թուրքիայի՝ «Իսլամական պետության» վտանգի հանդեպ ցուցաբերած մեղմ վերաբերմունքի տխուր մեղադրական եզրակացությունն է։

Թուրքիայի համար վտանգն այժմ այն է, որ ջիհադիստ ուժերի բարգավաճմանը խրախուսելը կարող է շատ անբարենպաստ հետևանքներ ունենալ երկրի համար։ Պակիստանի օրինակը, որը, ենթադրաբար, նախ աջակցել է և ապա բռնազավթվել նման ծայրահեղ խմբավորումների կողմից, ցնցող կլինի թուրքերի ու քրդերի համար, որոնք միայն վերջերս են ձեռնամուխ եղել խաղաղության ու հաշտեցման երկար սպասված ճանապարհին՝ երկրի հարավ֊արևելքում տասնամյակներ տևած հակամարտությունից հետո։ Եթե Թուրքիան իսկապես ընկնի ներքին իսլամական ծայրահեղ բռնության երկունքի մեջ, մեղքը, անկասկած, կդրվի նախագահ Էրդողանի կառավարության վրա, որը, Ասադի ռեժիմն ամեն գնով գահընկեց անելու ճանապարհին, նպաստել է նման խմբավորումների աճին։ Կարելի է միայն հուսալ, որ երկուշաբթվա ողբերգությունը Թուրքիայի անհաշտ քաղաքական կուսակցություններին կդրդի ձևավորել նոր կառավարություն, որը քայլեր կձեռնարկի վերջին մի քանի տարիների սխալները շտկելու ուղղությամբ։