Home / Տեսանյութեր / Իրավապաշտպանները պահանջում են ՀՀ փոխոստիկանապետերին մեղադրանք առաջադրել

Իրավապաշտպանները պահանջում են ՀՀ փոխոստիկանապետերին մեղադրանք առաջադրել

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը միջնորդել է հունիսի 23-ին Բաղրամյանի նստացույցը ցրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավել ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանին (լուսանկարում՝ փախից) և ոստիկանության պետի տեղակալ Լևոն Երանոսյանին։

Ավելի վաղ ՀՔԾ֊ում քրեական գործ էր հարուցվել պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, բռնությամբ զուգորդված պաշտոնական լիազորություններն անցնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու հոդվածներով:

Գործի շրջանակներում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը միջնորդություն է ներկայացրել որպես մեղադրյալ ներգրավել հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություններ կիրառած ոստիկանության աշխատակիցներին՝ ներկայացնելով այն ոստիկանների անուն֊ազգանունները, որոնց ինքնությունը կազմակերպությունը կարողացել է պարզել։ Միջնորդությանը կից իրավապաշտպանները ներկայացրել են քաղաքացիական հագուստով ոստիկանության աշխատակիցների լուսանկարներ նրանց ինքնությունը պարզելու և մեղադրանք առաջադրելու համար:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը Հունան Պողոսյանին և Լևոն Երանոսյանին վերաբերող միջնորդությունն առանձին է ներկայացրել։ Միջնորդության հեղինակները նշում է, որ փոխոստիկանապետերին պետք է մեղադրանք առաջադրել լրագրողների տեսախցիկները խլելու և սարքերի հիշողության քարտերը ոչնչացնելու հրահանգը տալու համար։

«Երանոսյանը և Պողոսյանն իրենց գործողություններով թույլ են տվել հանրորեն վտանգավոր արարք։ Լրագրողների կողմից նկարահանված տեսանյութերը ոչնչացնելու հրահանգ տալը նպատակ է ունեցել թաքցնել ոստիկանության աշխատակիցների կողմից կատարված հանցագործությունները և նման վարքագծի շարժառիթը եղել է կոծկել իրենց և ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ կատարված հանցագործությունները»,- միջնորդության տեքստից հատված է ներկայացնում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայքը:  

Tekali Taxi