Home / Տեսանյութեր / Կառավարությունը միտումնավոր խափանում է Թեղուտի հանքում ստուգումների անցկացումը․ դատ

Կառավարությունը միտումնավոր խափանում է Թեղուտի հանքում ստուգումների անցկացումը․ դատ

Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչները, ինչպես նաև մի քանի բնապահպանական կազմակերպություններ վարչական հայց են ներկայացրել դատարան՝ պահանջելով պարտավորեցնել Բնապահպանության նախարարությանը ստուգումներ անցկացնել Թեղուտի հանքարդյունաբերական ծրագրերի իրականացման շուրջ: Բնապահպաններն իրենց տրամադրության տակ հիմնավոր փաստեր ունեն առ այն, որ Թեղուտի հանքի շահագործման ընթացքում «Թեղուտ» ընկերության կատարած գործողությունները բացարձակապես չեն համապատասխանում պետության կողմից տրված թույլտվություններին:

Այսօր Վարչական դատարանում Սամվել Հովակիմյանի նախագահությամբ տեղի ունեցած դատական նիստի ընթացքում Բնապահպանության նախարարության ներկայացուցիչ Խաչատուր Խաչատուրյանը կարծիք է հայտնել, որ հարցը լուծված է, քանի որ պահանջված ստուգումներն անցկացվել են ու հետագայում կասեցվել:

Հայցվորների ներկայացուցիչ փաստաբան Հայկ Ալումյանը, սակայն, չի համաձայնել, որ հարցը լուծված է: Նա միջնորդել է պարտավորեցնել վարչական մարմնին տեղեկացնել և փաստեր ներկայացնել ստուգումների մասին՝ երբ են սկսվել, ինչ փուլի են հասել, և միայն այդ տեղեկատվությունը ստանալուց հետո հայցվոր կողմը կհրաժարվի հայցից, կամ այլ միջնորդություններ կներկայացնի:

Պատասխանողը, սակայն, հրաժարվել է որևէ տեղեկություն ներկայացնել՝ ասելով, որ ստուգումները կասեցվել են Կառավարության որոշմամբ:

Դատական հայց ներկայացնելուց հետո Բնապահպանության նախարարությունն իր իսկ նախաձեռնությամբ ստուգումների հանձնարարական է տվել, որոնք պետք է անցկացվեին հունիսի 24-ից օգոստոսի 4-ը: Հուլիսի 30-ին կառավարությունը որոշում է ընդունել կասեցնել բոլոր տեսակի ստուգումները: Հայցվորներից մեկի՝ իրավաբան Արթուր Գրիգորյանի խոսքով՝ դա քաղաքական որոշում էր:

«Այսպիսիով, բնապահպանության նախարարությունը ազատվեց իր ստուգումների արդյունքները ներկայացնելու պատասխանատվությունից: Սա հերթական անգամ բովանդակային քննարկումից խուսափել էր», – ասել է Գրիգորյանը:

Հայցվորներից բնապահպան Աննա Շահնազարյանն ասել է, որ Կառավարության կողմից Բնապահպանության նախարարությունում ընթացող ստուգումները կասեցնելը միջամտություն է այդ կառույցի գործունեությանը:

Գործով վճիռը Վարչական դատարանը կայացնելու է վաղը։

Tekali Taxi