Home / Տեսանյութեր / Դատախազը 14 տարի է պահանջել քաղբանտարկյալներին պաշտպանողի համար

Դատախազը 14 տարի է պահանջել քաղբանտարկյալներին պաշտպանողի համար

Մեղադրող դատախազ Հարություն Սարգսյանը միջնորդել է դատարանին քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանի և նրա ընկերների համախոհ, ծրագրավորող Հայկ Կյուրեղյանին մեղավոր ճանաչել խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ և դատապարտել 14 տարվա ազատազրկման:

Մեղադրողը 258-րդ հոդվածի չորրորդ կետով (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով) պահանջել է 6.5 տարվա, իսկ 316-րդ հոդվածով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)՝ 8.5 տարվա ազատազրկում, և պատիժների համադրմամբ սահմանել 14 տարվա ազատազրկում: Դատարանում ներկաները դատախազի խոսքից հետո հետևյալ գնահատականներն են հնչեցրել․ «Միանգամից ցմահ ազատազրկեիք», «Գնդակահարե՛ք ցուցարարին»:

Դատական նիստին Հայկ Կյուրեղանը ներկա չէր․ նա հեռացվել է նիստերի դահլիճից դատավոր Արմեն Բեկթաշյանի կողմից՝ դատարանում նստած խոսելու և դատավորի՝ դահլիճ մտնելու ժամանակ չկանգնելու համար: Դահլիճում չէր նաև նրա հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը, ով բացակայությամբ իր բողոքն է արտահայտում դատարանի կամայականությունների դեմ:

Հանրային պաշտպան Անժելա Հոբոսյանը ներկա էր, սակայն նա պաշտպանական ճառով հանդես չեկավ, քանի որ Կյուրեղյանը չի լիազորել նրան իրականացնել իր պաշտպանությունը: Մեղադրական ճառից հետո լրագրողների հետ զրույցում Հոբոսյանն ասել է, որ չի կարող գնահատական տալ միջնորդության խստությանը, քանի որ դատավարության ընթացքում մեղադրյալի մեղքը չի ապացուցվել: Փաստաբանը նկատել է, որ դատախազը հիմնվել է միայն տուժող ոստիկանների ցուցմունքների վրա, մինչդեռ Կյուրեղյանի կողմը որևէ պաշտպանական մեխանիզմներից չի օգտվել: Մասնավորապես, չի կատարվել առերեսում Կյուրեղյանի և տուժածների միջև, դատարանը չի քննել ոստիկանական մեքենայում Կյուրեղյանին ծեծի ենթարկելու փաստը, Կյուրեղյանը հեռացվել է դատարանի դահլիճից 10 ժամով, սակայն դատարանը թույլ չի տվել նրան նիստերին մասնակցել նաև այդ ժամկետը լրանալուց հետո:

Մեղադրյալի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ 14 տարի ազատազրկելու մասին միջնորդությունը քաղաքական որոշում է և իր համար ամենևին էլ անսպասելի չէր: Նա հույս է հայտնել, որ «ռեժիմը 14 տարի չի պահպանվի», իր որդին ազատ կարձակվի, և բոլորը կապրեն ազատ երկրում:

Դատարանը գործով վճիռը կհրապարակի սեպտեմբերի 11-ին:

Հիշեցնենք, որ 2014 թվականի հունիսի 12-ին քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանի և նրա ընկերների դատավարության մեկնարկին Հայկ Կյուրեղյանը բարձրացել էր դատարանի շենքի առջև տեղակայված ավտոմեքենաներից մեկի վրա և օդամղիչ ատրճանակով կրակել ոստիկանների ուղղությամբ: Կյուրեղյանը պահանջել էր ազատ արձակել քաղբանտարկյալներին։

Tekali Taxi