Home / Հայաստան / Մոսկվայի պետական համալսարանը Հայաստանում հետաքրքրություն չի առաջացրել․ «Հրապարակ»

Մոսկվայի պետական համալսարանը Հայաստանում հետաքրքրություն չի առաջացրել․ «Հրապարակ»

Միխայիլ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղն արդեն պատրաստ է ընդունել ուսանողներին, գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ նշելով, որ ռուսաստանյան համալսարանի մուտքը հայկական կրթական միջավայր սկսվում է 5 հիմնական մասնագիտություններով, ընդ որում՝ միայն բակալավրիատում՝ կիրառական մաթեմատիկա և համակարգչային գիտություն, իրավագիտություն, լեզվաբանություն, ժուռնալիստիկա և միջազգային հարաբերություններ։

Թերթի համաձայն, սակայն, կրթական համալիրը այդքան էլ մեծ հետաքրքրություն չի առաջացրել Հայաստանի երիտասարդության մոտ։

«Երեկ տեղեկացանք, որ այս տարի դիմորդների քանակը հասել է ընդամենը 100֊ի կամ մի քիչ ավելի, որոնցից ընդունելության քննություններին դրական արդյունքներ է ստացել միայն 85 դիմորդ»,֊ գրում է «Հրապարակը»։

Նշենք՝ Մ․ Լոմոնոսովի անվան համալսարանի մասնաճյուղեր կան նաև Ղազախստանում (1999), Ուզբեկստանում (2006), Ադրբեջանում (2008) և Տաջիկստանում (2009)։

Թերթն ընդգծում է, որ Լոմոնոսովի անվան համալսարանը ֆինանսավորվելու է երկկողմանի՝ Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների կողմից, իսկ Հայ֊ռուսական (ՍլավոնականՃ համալսարանն այս նորահայտ բուհին համարում է իր մրցակիցը, որը ոչ միայն ռուսական ֆինանսներն է իրենցից խլում, այլև՝ դիմորդներին։