Home / Հայաստան / Կարեն Ավագյանի ղեկավարած հիմնադրամն օրենքից դուրս է գործում․ «Ժողովուրդ»

Կարեն Ավագյանի ղեկավարած հիմնադրամն օրենքից դուրս է գործում․ «Ժողովուրդ»

«Հայաստանի երիտասարդական հիմնադրամ» անվանումը կրող պետական հիմնադրամի ֆինանսական հաշվետվությունները չեն համապատասխանում օրենսդրությամբ սահմանված չափանիշներին, քանի որ դրանցում նշված չէ, թե այս կազմակերպությունն ինչ աղբյուրներից և որքան է ֆինանսավորվում, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ վարչապետն է, իսկ անդամները՝ մի շարք նախարարությունների ներկայացուցիչներ։

«Այդ հիմնադրամի ղեկավարն ավանդաբար լինում է իշխանական ջահելներից մեկը։ Մասնավորապես, արդեն մի քանի տարի է՝ այդ գործը վստահված է 41-ամյա երիտասարդ Կարեն Ավագյանին (հոգաբարձուների խորհրդի համակարգող)», ֊ նշում է թերթը։

«Ժողովուրդ»-ը «Հայաստանի երիտասարդական հիմնադրամից» փորձել է պարզել, թե այս տարվա «Բազեի» կազմակերպման համար պետբյուջեից որքան գումար է հատկացվել։ Հիմնադրամից հարցմանը պատասխանել են․ ««Բազե» ծրագրին 2010 թվականից ի վեր ՀՀ պետական բյուջեից որևէ գումար չի հատկացվել»։

«Մի պահ ընդունենք, թե հիմնադրամից տրված պատասխանի հեղինակները չեն ստում և ճիշտ են ասում, որ իրենք պետբյուջեից հատկացված գումարներով չեն ֆինանսավորվում։ Ուստի բնական հարց է ծագում՝ այդ դեպքում ով և որքան գումար է հատկացրել հիմնադրամին, որի հաշվին էլ հնարավոր է եղել երիտասարդ «բազեների» հավաքը կազմակերպել։ Սակայն մեր երկրորդ հարցմանը ևս ՀԵՀ֊ից կոնկրետ պատասխան չտվեցին», ֊ գրում է թերթը։

«Ժողովուրդ»-ին տրված երկրորդ պատասխանում ասվում է․ ««Բազե» ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջոցներով, որոնք գոյանում են «Հիմնադրամների մասին» օրենքով սահմանված աղբյուրներից։ Հիմնադրամների գործունեության հրապարակայնությունը նույնպես սահմանվում է համապատասխան օրենքով։ Օրենքի շրջանակներում պահանջվող ամբողջ տեղեկատվությունը, այդ թվում՝ ֆինանսական, վիճակագրական, ծրագրային և այլն, ըստ սահմանված կարգի, հաստատվում է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից և ներկայացվում պետական կառավարման մարմիններին, որից հետո զետեղվում է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։ «Բազե-2015»-ի ֆինանսական հաշվետվությունը դեռևս ամփոփված չէ։ Պայմանագրային ծառայություններն ընթացքի մեջ են»։

Թերթը եզրակացնում է, որ ՀԵՀ֊ում ամեն կերպ խուսափում են ասել, թե այս տարվա իրենց ամառային քեֆ֊ուրախությունների վրա որքան գումար են ծախսել և մատնացույց են անում իրենց տարեկան հաշվետվությունները։

«Բայց ողջ խնդիրն այն է, որ այս հիմնադրամը թքած ունի ՀՀ օրենսդրության պահանջների վրա, և նրա տարեկան հաշվետվություններում ևս օրենքով նախատեսված տվյալները բացակայում են։ Այսպես՝ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 39֊րդ հոդվածի երկրորդ պարբերությամբ սահմանվում է, որ հիմնադրամները պարտավոր են ամեն տարի հրապարակել իրենք գործունեության մասին հաշվետվություն։ «Հաշվետվությունը պետք է պարունակի տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափի և դրանցում կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափի, հիմնադրի, հոգաբարձուների խորհրդի անդամների, կառավարչի և հիմնադրամի աշխատակազմում ընդգրկված անձանց անուններն ու ազգանունները, եթե նրանք օգտվել են հիմնադրամի միջոցներից և ծառայություններից հաշվետու տարվա ընթացքում»», ֊ սահմանում է «Հիմնադրամների մասին» օրենքը։

ՀԵՀ֊ի 2014 թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվությունում, սակայն, վերը թվարկած տվյալները բացակայում են։ Օրինակ՝ նշված է, որ անցած տարի հիմնադրամին հատկացվել է 691 միլիոն 383 հազար դրամ։ Իսկ ի՞նչ աղբյուրներից և յուրաքանչյուրից որքա՞ն, տվյալը բացակայում է։ Նշված է միայն, որ գումարները գոյացել են 105 իրավաբանական անձանցից ստացված միջոցների հաշվին։ Ի դեպ, նախարարությունները և մնացած բոլոր պետական գերատեսչություններն ու ՊՈԱԿ֊ները ևս իրավաբանական անձինք են։ Աշխատակազմի վերաբերյալ տվյալները ևս բացակայում են։ Օրենքը պահանջում է հրապարակել նրանց անունները և հիմնադրամից ստացած եկամուտների չափը։

ՀԵՀ֊ի հաշվետվությունում նշված է միայն աշխատակազմի թիվը՝ 117 հոգի, որոնք ընդհանուր ստացել են 134 միլիոն 932 հազար դրամի աշխատավարձ։ Ի դեպ, հիմնադրամի տնօրենն է Ալեքսանդր Տեր֊Հովակիմյանը, որի տարեկան աշխատավարձը կազմում է 6 մլն 180 հազար դրամ։ Այսինքն՝ նա ամսական ստանում է 515 հազար դրամ աշխատավարձ։ Ասել է թե՝ ՀԵՀ֊ի տնօրենը գրեթե ՀՀ ԱԺ պատգամավորի չափ աշխատավարձ է ստանում», ֊ գրում է «Ժողովուրդը»։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում

Tekali Taxi