Home / Հայաստան / Արժույթի շուկայում խուճապը խոշոր բիզնեսի ներկայացուցիչներն էին ստեղծել․ «ՀԺ»

Արժույթի շուկայում խուճապը խոշոր բիզնեսի ներկայացուցիչներն էին ստեղծել․ «ՀԺ»

Այս շաբաթվա ընթացքում ֆինանսական շուկայում ստեղծված աժիոտաժային իրավիճակի հիմնական «գործող անձը» ամենևին էլ բնակչությունը չի եղել, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում կատարելով Հայաստանի բանկային համակարգից ստացած իր տեղեկություններին։

Համաձայն թերթի, բնակչությունը, անշուշտ, ավելի շատ դոլար էր փորձում գնել, քան սովորաբար է լինում, բայց դոլարի նկատմամբ հիմնական աժիոտաժային պահանջարկը ձևավորել են խոշոր բիզնեսի ներկայացուցիչները։ Հենց նրանք են եղել այդ օրերին շուկայից արտարժույթի հիմնական ձեռքբերողները։

«Սա պայմանավորված է նրանով, որ անցած տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, երբ համանման իրավիճակ էր ստեղծվել, խոշոր բիզնեսն ուշացավ և չհասցրեց իր դրամային շրջանառու միջոցները արագ վերածել դոլարի, ինչի պատճառով նրանք մեծ վնասներ կրեցին։ Ու քանի որ հիշողությունը դեռ թարմ է, այս անգամ խոշոր բիզնեսն ուղղակի որոշեց իրադարձություններից առաջ ընկնել և ՌԴ-ում տեղի ունեցած փլուզմանն ավելի արագ արձագանքեց, քան սովորաբար լինում է։ Բանկային համակարգում նաև չեն բացառում, որ այդ օրերին շուկայում հայտնվել է ֆինանսական մեծ հնարավորություններով սպեկուլյանտների մի խումբ, որն իր լուման է ներդրել աժիոտաժային այդ վիճակն ստեղծելու գործում», – տեղեկացնում է «ՀԺ»-ն։

Նշենք, որ նախորդ շաբաթվա վերջին դրամը դոլարի համեմատ արժեզրկվեց 8-10 դրամով։ Մեկ դոլարը վաճառվում էր 485-488 դրամով։

Tekali Taxi