Home / Հայաստան / Կիևում բախումներ են տեղի ունեցել․ կան զոհեր

Կիևում բախումներ են տեղի ունեցել․ կան զոհեր

Այսօր՝ օգոստոսի 31֊ին, Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքի մոտ բախումներ են սկսվել ցուցարարների և իրավապահների միջև, որոնց ընթացքում ցուցարարները պայթուցիկ սարք են նետել ոստիկանների ուղղությամբ, հաղորդում է «Բի֊Բի֊Սի» լրատվական գործակալության ռուսաստանյան ծառայությունը։ 

Ռադայի մոտ բողոքի ցույցի պատճառը Ուկրաինայի Սահմանադրության մեջ մտցված փոփոխություններն են, որոնցով հատուկ կարգավիճակ է տրամադրվում Դոնբասսի շրջաններին, որոնք գտնվում են ինքնահռչակ Լուգանսկի ու Դոնեցկի հանրապետությունների զինյալների վերահսկողության տակ։ Գերագույն ռադան առաջին ընթերցմամբ ընդունել է իշխանության ապակենտրոնացման վերաբերյալ փոփոխությունները երկրի Սահմանադրությունում։ 

Ապակենտրոնացման որոշմանն այսօր կայացած արտահերթ նիստին կողմ է քվեարկել 265 պատգամավոր՝ նվազագույն անհրաժեշտ 226-ի պարագայում: 

Քվեարկությունից հետո Ռադայի շենքի մոտ բախումներ են սկսվել փոփոխություններին դեմ ցուցարարների ու ոստիկանների միջև։ Ցուցարարները, ըստ ԶԼՄ֊ների, քարեր ու ծխի ռումբեր են նետել ոստիկանների ուղղությամբ․ ի պատասխան, իրավապահներն արցունքաբեր գազ ու ռետինե մահակներ են կիրառել։

«Գերագույն ռադայի մոտ բախումների ժամանակ վիրավորվել է Ազգային գվարդիայի շուրջ հիսուն զինծառայող․ նրանցից չորսը ծանր վիճակում են»,֊ հայտնել է Ուկրաինայի Ազգային գվարդիայի մամուլի ծառայությունը։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել, որ ունի տեղեկություն զոհերի վերաբերյալ։ Ազգային գվարդիայի ծառայողներից մի քանիսը, ըստ Կլիչկոյի, մահացել են։

Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն «Ֆեյսբուք»֊ի իր էջում գրել է, որ «սադրիչները մարտական նռնակ են նետել իրավապահների ուղղությամբ, որի հետևանքով Ազգային գվարդիայի մի քանի զինյալներ վնասվածքներ են ստացել․ նրանց կյանքը վտանգված է»։ «Բի֊Բի֊Սի»֊ն, սակայն, հայտնում է, որ մարտական նռնակի վարկածը պաշտոնապես դեռևս չի հաստատվել։

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը, իր հերթին, հայտնել է 90 տուժածների մասին։ Բախումները Ռադայի մոտ հրահրել ու պայթուցիկ սարքը, ըստ նախարարի, նետել են «Ազատություն» կուսակցության կողմնակիցները, որի պատգամավորներն այսօր խորհրդարանում հանդես են եկել Դոնբասի մարզերին հատուկ կարգավիճակ տրամադրելու դեմ։

Tekali Taxi