Home / Տեսանյութեր / Սահմանադրության նախագծում մարդու իրավունքների մասին գլուխը հետընթաց է. փաստաբան

Սահմանադրության նախագծում մարդու իրավունքների մասին գլուխը հետընթաց է. փաստաբան

Մարդու իրավունքների մասին գլուխը Սահմանադրությունում պետք է լինի անձեռնմխելի, այն չի կարող նվազեցվել, ինչն առաջարկվում է Սահմանադրական փոփոխությունների նախագծով: Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» «Հետընթա՞ց, թե՞ առաջընթաց. մարդու իրավունքները սահմանադրական փոփոխությունների գործընթացում» թեմայով քննարկման ժամանակ ասել է փաստաբան Հայկ Ալումյանը:

«Մարդու իրավունքներն ու հիմնարար ազատություններն ընդհանրապես տարբերվում են բոլոր մնացած մարդուն վերաբերող նորմերից նրանով, որ դրանք անձեռնմխելի են: Այսինքն՝ եթե նույնիսկ 99%-ն ուզենա դա փոփոխել, նվազեցնել, դրա իրավունքը պիտի չունենա։ Օրինակ, եթե 99%-ը որոշի, որ 1%-ին պետք է արտաքսել Հայաստանից, կամ այդ 1%-ի գույքը պետք է խլել, դրա իրավունքը պիտի չունենա», – ասել է Հայկ Ալումյանը:

Որպես առաջարկվող նախագծի հետընթացի օրինակ փաստաբանը բերում է սեփականության իրավունքը. գործող Սահմանադրության համաձայն, մարդուն սեփականությունից կարող է զրկել միայն դատարանը, իսկ առաջարկվող փոփոխություններով՝ անձը կարող է զրկվել սեփականությունից առանց դատարանի, սակայն հետագայում կարող է դատական կարգով վիճարկել իրեն սեփականությունից զրկելու փաստը:

«Ակնհայտ հետընթաց եմ տեսնում ապացույցների հոդվածի մեջ: Գործող Սահմանադրության մեջ ասվում է, որ արգելվում է օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցների օգտագործումը: Նախագծի մեջ ասված է, որ օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցները չի կարելի օգտագործել այն դեպքում, եթե դրանք հիմնական իրավունքների խախտման արդյունքում են ձեռք բերվել կամ եթե խաթարվել է արդար դատաքննության իրավունքը: Գործող Սահմանադրությամբ, օրինակ, անձը 4 ժամից ավել չպիտի հարցաքննվի: Դիցուք՝ անձին հարցաքննել են 8 ժամ, ձեռք են բերել խոստովանական ցուցմունք: Այսօրվա գործող սահմանադրությունը թույլ չի տալիս այդ ցուցմունքը օգտագործել որպես ապացույց։ Իսկ էս նախագծով, որպեսզի այդ ցուցմունքը չօգտագործվի որպես ապացույց, ես որպես փաստաբան պետք է ապացուցեմ, որ 8 ժամ հարցաքննելը մարդու հիմնարար իրավունքների խախտում է, որը ես երբեք չեմ կարող ապացուցել», – ասել է Հայկ Ալումյանը:

Քննարկման մասնակից, իրավապաշտպան Արթուր Սաքունցը Սահմանադրութան նախագծում լուրջ խնդիր է համարել աշխարհիկ պետության սկզբունքի խախտման փաստը։

«Առաջարկվող նախագծով Հայ առաքելական եկեղեցուն բացառիկ նշանակություն է տրվում հայ ժողովրդի հոգևոր զարգացման հարցերում: Գործող սաhմանադրութjան մեջ նշվում է եկեղեցու դերը պատմական տեսակետից: Սահմանադրությունն իմ մտքի, խղճի տնօրինման իրավունքը հանձնում է Հայ առաքելական եկեղեցուն՝ մի կրոնական կազմակերպության»,-ասել է Սաքունցը:  

Tekali Taxi