Գլխավոր / Տեսանյութեր / Ոստիկանությունը միջամտեց «Ո՛չ թալանին» նախաձեռնության ակցիային (ՎԻԴԵՈ)

Ոստիկանությունը միջամտեց «Ո՛չ թալանին» նախաձեռնության ակցիային (ՎԻԴԵՈ)

Ոստիկանները Էլէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներին թույլ չեն տվել հավաքվել նախագահականի դարպասների մոտ։

Ի սկզբանե «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները հավաքվել են Սիրահարների այգում քննարկում կազմակերպելու համար, սակայն այնուհետև որոշել են քննարկումը շարունակել Մարշալ Բաղրամյան մետրոյի կայարանի մոտ, որպեսզի, իրենց խոսքով, ավելի մոտ լինեն ակցիայի պահանջի հասցեատիրոջը՝ Սերժ Սարգսյանին: Վերջինս ներկայում գտնվում է Լեռնային Ղարաբաղում։ Ակցիայի մասնակիցները հայտնվել են խաչմերուկի տարբեր կողմերում՝ շրջափակված ոստիկանական պատնեշներով: Ոստիկանների գործողությունները ղեկավարում էր Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

Նախաձեռնության անդամները փորձ են արել մետրոյի մոտից փողոցն անցնել ու ակցիան շարունակել նախագահական նստավայրի դարպասների մոտ, ինչը չի հաջողվել անել։

Ակցիայի մասնակիցները փորձել են նաև նստել Բաղրամյան պողոտայի երթևեկելի մասում՝ խոչընդոտելով երթևեկությունը, սակայն ոստիկաններն ուժ կիրառելով հեռացրել են նրանց: Ակտիվիստները սկսել են դիմադրել, ոստիկանությունը 4 հոգու բերման է ենթարկել: Ակցիայի մասնակիցները սկսել են բղավել «Օսիպյան, սիկտիր»:

Այս պահին նախաձեռնության անդամները շարունակում են պողոտայում մնալ՝ սպասելով մինչև իրենց բերման ենթարկված ընկերներին ազատ արձակեն։

Հիշեցնենք, որ «Ոչ թալանին» նախաձեռնությունը հունիսին Բաղրամյան պողոտայում էլէներգիայի թանկացման դեմ մեկնարկած նստացույցի կազմակերպիչներից մեկն էր։ Հունիսի 28-ին, սակայն, նրանք հեռացան Բաղրամյանից՝ անսալով ոստիկանության հորդորներին նստացույցը շարունակել Ազատության հրապարակում։ Հավաքվածների մեծ մասը նրանց չհետևեցին և մինչև հուլիսի 6-ը շարունակեցին նստացույցը Բաղրամյան պողոտայում, իսկ «Ոչ թալանին» նախաձեռնությունն իր ակցիան դադարեցրեց  Բաղրամյանից հեռանալուց երկու օր անց։

Tekali Taxi