Home / Հայաստան / «Փնթի հանքարդյունաբերությամբ վարի են տալիս ժողովրդի հարստությունը»․ «Հրապարակ»

«Փնթի հանքարդյունաբերությամբ վարի են տալիս ժողովրդի հարստությունը»․ «Հրապարակ»

Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարի, պաշտոնական թվերով, մոտ 35 տոկոս, իսկ ոչ պաշտոնական՝ 40 տոկոսից ավելի հանք է հանել, որպեսզի արտահանման ավելացմամբ փոխհատուցի պղնձի համաշխարհային գների անկման հետևանքները, գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ), թերթի համաձայն, անցյալ տարի ուներ 12,5 մլն․ տոննա հանքաքար արդյունահանելու թույլտվություն։ Կոմբինատի ղեկավարությունը, սակայն, խոսում էր 15֊17 մլն․ տոննա արդյունահանելու մասին։ 2013 թվականին, ըստ «Քրոնիմետ» ընկերության պաշտոնական կայքի, ԶՊՄԿ֊ում հանքաքարի շահագործման ծավալները հասել են տարեկան մինչև 18,5֊21 միլիոն տոննայի․ ինչը «Շրջական միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքի խախտում է, որի համար սահմանված է պատժաչափ՝ «ամբողջովին կամ մասամբ փակել, կասեցնել կամ արգելել շահագործման իրականացումը՝ մինչև փորձաքննական եզրակացությամբ սահմանված պայմանների ապահովումը»։

«Հրապարակ»֊ի հարցին՝ արդյո՞ք այս տարի կտրուկ ավելացել են ողջամիտ շահագործման թվերը՝ հանքարդյունաբերության աճին համահունչ, բնապահպան, փորձագետ Ինգա Զարաֆյանը պատասխանել է․ «Ողջամիտ շահագործման սահմանները, որոնք չպետք է գերազանցվեն, սովորաբար նշված են լինում հանքարդյունաբերողների նախագծերում։ Նրանք չեն կարող ինչքան հանք ուզեն, վերցնեն։ Սակայն, թե ինչ թվեր են նշված պրոյեկտներում, ինչպես է գնահատվում՝ սրանք հանրության համար փակ տեղեկություններ են և մեզ չեն տրամադրվում։ Այս տարի Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատին ավելացավ նաև Թեղուտի ձեռնարկությունը։

Հանքարդյունաբերությունն այսօր ընտրել է զարգացման էքստենսիվ ճանապարհը։ Շահագործողը պետք է ճիշտ մշակի հանքանյութը, փորձելով կորզել այն ամենը, ինչն օգտակար է։ Փնթի հանքարդյունաբերությամբ փչացնում են հանքը, վարի են տալիս այն հարստությունը, որը պատկանում է ժողովրդին։ Վերահսկիչ մարմինը բնական պաշարների տեսչությունն է՝ էներգետիկայի նախարարության կազմում, որը, սակայն, չգիտենք, թե ինչով է զբաղված, միայն լիցենզիաներ են տալիս»։  

Tekali Taxi