Home / Տեսանյութեր / Հայկ Կյուրեղյանին իր բացակայությամբ 9 տարվա ազատազրկման դատապարտեցին

Հայկ Կյուրեղյանին իր բացակայությամբ 9 տարվա ազատազրկման դատապարտեցին

Ծրագրավորող Հայկ Կյուրեղյանն այսօր Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի կողմից դատապարտվել է 9 տարվա ազատազրկման խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Մեղադրող դատախազ Հարություն Սարգսյանի Կյուրեղյանի համար 14 տարի էր պահանջել։ Դատական նիստի ընթացքում դատարանի դիմաց մի խումբ քաղաքացիներ ակցիա էին կազմակերպել՝ ի աջակցություն Կյուրեղյանի։

Ինքը՝ մեղադրյալը, ներկա չէր վճիռն արձակելու ժամանակ։ Նրան դատարան են բերել, սակայն դատավորի մուտքի ժամանակ ոտքի չկանգնելու համար հեռացրել դահլիճից։ Արմեն Բեկթաշյանը դատավարության ընթացքում արդեն հեռացրել էր նրան ոտքի չկանգնելու պատճառով և թույլ էր տվել մեղադրյալին դատարան բերել միայն նախորդ նիստին՝ սեպտեմբերի 11-ին, վերջին խոսքն ասելու համար։

Այդ օրը Կյուրեղյանը հայտարարել էր, որ երկրում գործող բռնապետական ռեժիմը դուրս է եկել իր, ինչպես նաև Հայաստանի այլ քաղաքացիների դեմ։ Կյուրեղյանը, սակայն, նշել է, որ չի զղջում իր ակցիայի համար, որն ուղղված էր քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանի և նրա ընկերներին աջակեցելուն։

«Ռեժիմի գոյատևման պայմանը և դրանից բխող նպատակն է ամեն կերպ ճնշել քաղաքացուն, ամեն կերպ նրան ոչնչություն դարձնել։ Այսինքն, եթե բոլոր քաղաքակիրթ ճանապարհները ռեժիմը փակում է, թույլ չի տալիս քաղաքացին որևէ քաղաքակիրթ ճանապարհով պաշտպանի իր արժանապատվությունը, էս երկրում նորմալ ապրելու իրավունքը, [քաղաքացին] ոչ քաղաքակիրթ ձևերով, կտրուկ ձևերով [պետք է] լուծի իր հարցը», ֊ ասել է մեղադրյալը։

Կյուրեղյանը նաև ընդգծել էր, որ դատախազի կողմից պահանջված ազատազրկման ժամկետը համաչափ չէ իր գործողություններին։ Նա ասել էր, որ անգամ իրավագետներին է զարմացրել 14 տարի պահանջելու փաստը։

«Բայց հանգիստ եղեք, ես 14 տարի չեմ նստելու։ Կարող է 14 օր էլ չնստեմ, ռեժիմը կարող է 14 օր էլ չգոյատևի», ֊ ասել էր Կյուրեղյանը։

Հիշեցնենք, որ 2014 թվականի հունիսի 12-ին քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանի և նրա ընկերների դատավարության մեկնարկին Հայկ Կյուրեղյանը բարձրացել էր դատարանի շենքի առջև տեղակայված ավտոմեքենաներից մեկի վրա և օդամղիչ ատրճանակով կրակել ոստիկանների ուղղությամբ: Կյուրեղյանը պահանջել էր ազատ արձակել քաղբանտարկյալներին։ Դատավարության ընթացքում ծրագրավորողը հրաժարվել էր պաշտպանից, սակայն, ըստ օրենքի, դատական նիստերին ներկա էր լինում Կյուրեղյանին պետության կողմից տրամադրված հանրային պաշտպան Անժելա Հոբոսյանը։

Ըստ վերջինի՝ գործի նախաքննության և դատավարության ընթացքում մի շարք խախտումներ են գրանցվել, մասնավորապես, չի կատարվել առերեսում Կյուրեղյանի և տուժածների միջև, դատարանը չի քննել ոստիկանական մեքենայում Կյուրեղյանին ծեծի ենթարկելու փաստը, Կյուրեղյանը հեռացվել է դատարանի դահլիճից 10 ժամով, սակայն դատարանը թույլ չի տվել նրան նիստերին մասնակցել նաև այդ ժամկետը լրանալուց հետո:

Tekali Taxi