Գլխավոր / Հայաստան / ՄԻԵԴ-ը գրանցել է Շանթ Հարությունյանի գործը (թարմացված)

ՄԻԵԴ-ը գրանցել է Շանթ Հարությունյանի գործը (թարմացված)

Հոկտեմբերի 1-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գերարագ՝ 15-օրյա ժամկետում, գրանցել է «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ, քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի, նրա որդու՝ Շահեն Հարությունյանի և մեկ այլ քաղբանտարկյալ Վարդան Վարդանյանի գործը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում այսօր գրել է Շահեն Հարությունյանը:

«Սա Եվրոպական դատարանի պատմության մեջ առաջին դատական գործն էր, որ ընդունվել էր նման կարճ ժամանակահատվածում», — մասնավորապես, նշել է նա։

Վարդանյանի, Հարությունյանի և նրա որդու բողոքը նրանց պաշտպան Ինեսսա Պետրոսյանը ներկայացրել էր սեպտեմբերի 17-ին։ Բողոքում փաստաբանը նշել էր, որ Հայաստանում խախտվել են խաղաղ երթ անցկացնելու, անմեղության կանխավարկածի և արդար դատաքննության իրավունքները: Պետրոսյանը, մասնավորապես, ընդգծել է, թե անմեղության կանխավարկածը խախտել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ մինչև դատավճիռն ասելով, որ Հարությունյանը հանցագործություն է կատարել:

Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանն ու Վերաքննիչ դատարանը անփոփոխ էին թողել առաջին ատյանի դատարանի որոշումը, որով Հարությունյանը և ընկերները մեղավոր էին ճանաչվել 2013 թվականի նոյեմբերի 5-ին ակցիա անցկացնելու ընթացքում խուլիգանություն անելու մեջ: Ալբերտ Մարգարյանը և Վահե Մկրտչյանը նաև մեղավոր էին ճանաչվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ: Շանթ Հարությունյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման, Ալբերտ Մարգարյանը նույնպես 6 տարի էր ստացել, Վահե Մկրտչյանը՝ 7 տարի, Լիպարիտ Պողոսյանը՝ 5 տարի, Ավետիս Ավետիսյանին՝ 5 տարի, Վարդան Վարդանյանը՝ 5 տարի, Հայկ Հարությունյանը՝ 4 տարի 6 ամիս, Ալեք Պողոսյանը՝ 4 տարի, Մկրտիչ Հովհաննիսյանը՝ 4 տարի, Արմեն Հովհաննիսյանը՝ 2 տարի, Սևակ Մնացականյանը՝ 1 տարի 6 ամիս, Տիգրան Պետրոսյանը՝ 1 տարի, Միսակ Միքայելյանը տուգանվել է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, բայց դատարանը վճռել է պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել 4 տարվա փորձաշրջան:

Դատապարտյալները չեն ընդունում իրենց մեղքը, մասնավորապես, նշելով, որ երթի ընթացքը խանգարել են սադրիչները, իսկ քաղաքացիական հագուստով ոստիկաններն իրենք են հրահրել ընդհարումը։ Մի շարք տեղական և միջազգային կազմակերպություններ Հարությունյանին և ընկերներին ճանաչել են քաղբանտարկյալ: