Գլխավոր / Տեսանյութեր / Քրդամետ կուսակցությունը Անկարայի պայթյունների համար իշխանություններին է մեղադրում

Քրդամետ կուսակցությունը Անկարայի պայթյունների համար իշխանություններին է մեղադրում

Շաբաթ՝ հոկտեմբերի 10-ի առավոտյան Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի գլխավոր երկաթուղային կայարանի մերձակայքում տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով զոհերի թիվը կիրակի գիշերվա դրությամբ հասել է 97-ի, կա առնվազն 500 վիրավոր: Երկրի կառավարությունը նույն օրը եռօրյա սուգ էր հայտարարել ի հիշատակ Թուրքիայում երբևէ տեղի ունեցած խոշորագույն ահաբեկչական հարձակման տասնյակ զոհերի:

Today's Zaman-ը նշում է, որ գրանցված երկու պայթյունների համար որևէ խումբ դեռևս պատասխանատվություն չի ստանձնել. Թուրքիայի գործող վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, սակայն, հայտարարել է՝ ահաբեկչական հարձակումն, ամենայն հավանականությամբ, իրականացրել են կամ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության, կամ Քրդական բանվորական կուսակցության, կամ ծայրահեղ ձախ խմբավորումների զինյալները:

Վարչապետի գրասենյակին կից համակարգող կենտրոնը կիրակի հայտարարել է, որ հաջողվել է պարզել 97 զոհերից 95-ի ինքնությունը: Պաշտոնյաների խոսքով, 160 մարդ ներկայումս գտնվում է հիվանդանոցներում, նրանցից 65-ը՝ վերակենդանացման բաժանմունքում:

Միևնույն ժամանակ, կիրակի լրագրողների հետ զրույցում ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) համանախագահ Սելահաթին Դեմիրթաշը հայտարարել է, որ իրականում զոհերի թիվը հասնում է 128-ի: Քաղաքական գործիչը նաև կասկածի տակ է դրել պետական պաշտոնյաների այն պնդումը, թե կառավարությունը, որն իրականում տեղյակ է մայրաքաղաքում տեղի ունեցող յուրաքանչյուր մանրուքից, չի կարողացել կանխել «Անկարայի սպանդը»:

Նշենք, որ հազարավոր մարդիկ, այդ թվում՝ HDP ներկայացուցիչներ, կիրակի երթ են կազմակերպել Թուրքիայի մայրաքաղաքում՝ ի հիշատակ զոհերի: Ցուցարարները դատապարտող կարգախոսներ են վանկարկել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին՝ նրանց մեղադրելով տեղի ունեցածի մեջ: Թուրքական ԶԼՄ-ների համաձայն, ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ու բախումներ հրահրել, երբ մի խումբ ցուցարարներ փորձել են մեխակներ դնել ողբերգության վայրում: Այնուամենայնիվ, հետագայում 70 մարդուց բաղկացած խմբի թույլ են տվել մտնել շրջափակված տարածք:

Պայթյուններից հետո մի շարք վերլուծաբաններ հարց են բարձրացրել, թե արդյոք հավաքի վայրում անվտանգությունը խնդիր է եղել, իսկ իշխանություններն ու ուժային ծառայությունները՝ պաշտոնեական անփութություն թույլ տվել: Հոկտեմբերի 10-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ներքին գործերի նախարար Սելամի Ալթմոքին հարցրել էին՝ ինչպես են երկու մահապարտ ահաբեկիչներ կարողացել աննկատ մտնել հավաքի տարածք և ինչու ոստիկանությունը մուտքի մոտ անվտանգության մանրակրկիտ ստուգումներ չի իրականացրել: Ալթմոքը, սակայն, հերքել է հայտարարությունները, թե իշխանությունները հավաքի ժամանակ անհրաժեշտ անվտանգության միջոցները չեն ձեռնարկել:

Այնուամենայնիվ, ականատեսներն այլ պատմություն են ներկայացնում: «Հյուրիեթ» օրաթերթի սյունակագիր Ֆարուք Բիլդիրիչին, ով դեպքի վայրում է եղել, պատմել է, որ ոստիկաններն անվտանգության անհրաժեշտ միջոցները չեն ձեռնարկել և որ հավաքի տարածքում միայն երկու ոստիկանական մեքենա է եղել: Նրանք, ովքեր մտել են հանրահավաքի տարածք անվտանգության որևէ ստուգումների չեն ենթարկվել: Բիլդիրիչին հայտնել է, որ շտապօգնության մեքենաները սկսել են ժամանել պայթյունից կես ժամ անց, իսկ ոստիկաններն ու ոստիկանական մեքենաները՝ միայն շտապօգնությունից հետո:

Իզմիրից Անկարա ժամանած մեկ այլ ականատեսի խոսքով՝ հարձակումը «թակարդ» էր՝ պատրաստված իշխանությունների կողմից: «Բուգյուն» օրաթերթի հետ զրույցում վկան ասել է. «Սովորաբար, հավաքի մասնակիցներին տեղափոխող ավտոբուսները կանգնեցվում են ու ստուգումների ենթարկվում ոստիկանության կողմից՝ մինչ հավաքի տարածք մտնելը: Այս անգամ, սակայն, նման բան տեղի չունեցավ: Դա պետք է մեզ համար նախազգուշացում լիներ, բայց մենք չհասկացանք: Եկանք ու հանգիստ իջանք ավտոբուսից: Քայլում էինք խմբերով, սակայն տարածքում ոստիկաններ չկային: Իհարկե, այդ ամենը նախօրոք ծրագրված էր: Դա թակարդ էր»:

Ականատես Օզլեմ Գյուլի խոսքով՝ պայթյունները տեղի են ունեցել այն տարածքում, որտեղ հավաքված էին քրդամետ HDP-ի կողմնակիցները. «Ակնհայտ է՝ հարձակումն ինչու է տեղի ունեցել: Պայթյուններն իրականացրել են նրանք, ովքեր խաղաղություն չեն ուզում»:

«Մեյդան» պարբերականի հետ զրույցում Ազգային հետախուզական վարչության նախկին փոխքարտուղար Չևաթ Օնեշն ասել է, որ ստուգումների բացակայությունն անվտանգության կանոնների ակնհայտ խախտում է: Նա հավելել է, որ, անկասկած, հարձակումը կազմակերպել են Մերձավոր Արևելքում գործող արմատական իսլամիստական խմբավորումները: